Լրահոս

02.03.2011 15:11


Կարեն Անդրեասյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Կարեն Անդրեասյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հենց նոր ՀՀ խորհրդարանը կողմ 83, դեմ 12 ձայների հարաբերակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Կարեն Անդրեասյանին: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին:

1994 – 2002 թվականներին Կ. Անդրեասյանը սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի  Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդեռլանդների եվրոպական լրագրության կենտրոնում:

1997-2000 թվականներին աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում` Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում  և ՀՀ ոստիկանության ակադեմիայում:

2001-2007 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2001-2003 թվականներին նա համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում` ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/: Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին:

2003 թվականին նա աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում` որպես ավագ գիտաշխատող:

2003-2004 թվականներին որպես միջազգային փորձագետ և խորհրդատու` աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում:

2005-2008 թվականներին աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում` որպես իրավաբան, հետո` գլխավոր իրավաբան, այնուհետև` փոխտնօրեն:

2006-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական:

2008 թվականից մինչ օրս  «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն է:

2007-2010 թվականներին իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում` Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է«Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը`«Արմենիա» հեռուստաընկերությունում:

Կարեն Անդրեասյանը շուրջ քսան հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների և այլ աշխատությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը