Տնտեսական

31.01.2020 10:50


Ավտոմեքենաների շուկայի փլուզում տեղի կունենա՞, թե՞ պետությունը կմիջամտի. «Փաստ»

Ավտոմեքենաների շուկայի փլուզում տեղի կունենա՞, թե՞ պետությունը կմիջամտի. «Փաստ»

«Վերջին շրջանում վարչապետը և իշխանության տարբեր ներկայացուցիչներ շատ են թմբկահարում, թե իրենց աշխատանքի շնորհիվ է, որ պետական բյուջեում հավելյալ հարկային մուտքեր են գրանցվել։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճի և բյուջե մուտքագրվող գումարների ավելացման հարցում մեծ դերակատարություն է ունեցել երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման գործընթացը, որը չենք կարող համարել ներկայիս իշխանությունների աշխատանքի արդյունք։

Ուշագրավ է, որ միայն մեքենաների ներմուծման շնորհիվ բյուջե է մտել մոտ 94 մլրդ դրամ հավելյալ գումար:

Բայց բյուջեի եկամուտների գերակատարումը պայմանավորված էր նրանով, որ 2019-ին Հայաստան է ներմուծվել աննախադեպ քանակությամբ՝ ըստ որոշ հաշվարկների՝ մինչև 200 հազար ավտոմեքենա, քանի որ ավարտվում էր նախկին մաքսատուրքերով ներմուծելու այն արտոնությունը, որ Հայաստանը ձեռք էր բերել դեռևս նախկին իշխանությունների օրոք՝ 2015 թվականին ԵԱՏՄ մտնելիս:

Եվ ահա, երբ այս տարվանից ԵԱՏՄ նոր դրույքաչափերը սկսել են գործել, երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծումը փաստացի կանգ է առել: Սակայն խնդիրն ամենևին սրանով չի սահմանափակվում։

Շատ ավտոներկրողներ նույնիսկ վարկեր են վերցրել և մեծ թվով ավտոմեքենաներ ներկրել, որպեսզի կարողանան «թանկացումից» հետո վաճառել և շահույթ ստանալ։ Լուրջ սպասումներ կային, թե ավտոմեքենաների գների մեծ աճ է գրանցվելու։

Սակայն անցած տարվա ընթացքում Հայաստան ներկրված ավտոմեքենաները վաճառելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ Ղազախստանում ավտոներկրողների համար սահմանափակումներ են կիրառվել, որը նախատեսում է ԵԱՏՄ-ից ներմուծված ու Ղազախստանում հաշվառված ավտոմեքենաները իրենց երկրում համարել անօրինական։

Այս որոշման արդյունքում արդեն երկու շաբաթ է՝ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում։

Պետք է նկատի ունենալ, որ Ղազախստանի կողմից իր երկիր ներկրված ավտոմեքենաների շահագործման նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրությանը, քանի որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ միության անդամ երկրների քաղաքացիները կարող են գնել մեքենա անդամ երկրներից որևէ մեկից և առանց մաքսազերծման անարգել շահագործել դրանք իրենց երկրներում։

Այս ֆոնին հայ ավտոներկրողները մտահոգություններ ունեն, որ չեն կարողանալու վաճառել Հայաստան ներկրված մեծ քանակությամբ մեքենաները։

Եվ նույնիսկ որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ այսպիսի իրավիճակը կարող է հանգեցնել ավտոմեքենաների շուկայի փլուզման, իսկ ավտոմեքենաների գները կտրուկ կնվազեն։

Այս գործընթացի արդյունքում այն մարդիկ, ովքեր մեքենաներ են ներմուծել, տուժելու են։ Որպեսզի կարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները, նրանք փորձելու են արագ ազատվել իրենց մեքենաներից՝ նույնիսկ համաձայնելով վաճառել ցածր գնով։

Իսկ այսպիսի իրավիճակը, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից։ Ուստի անհրաժեշտ է ՀՀ կառավարության միջամտությունը այս հարցում, որպեսզի ավտոներկրողները կարողանան իրացնել իրենց ավտոմեքենաները երկրից դուրս, և Հայաստանը չդառնա մեքենաների գերեզմանոց։

Ըստ էության, այս հարցը պետք է բարձրացվի ԵԱՏՄ փոխգործակցության շրջանակներում, քանի որ կարող է կարգավորվել բացառապես ԵԱՏՄ օրենսդրությամբ, որով միության ներսում քաղաքացիները առանց մաքսազերծման կարող են մեքենաներ գնել։

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ղազախական ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ Ղազախստանի իշխանությունը զբաղված է խոշոր ներկրողների շահերի պաշտպանությամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը