Աշխարհ

31.01.2020 10:41


Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվել 9 չինացի

Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվել 9 չինացի

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրից Թբիլիսի են տեղափոխում հավանաբար կորոնավիրուսով վարակված Չինաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին հայտարարություն է տարածվում վրացական մամուլում:

«Չինաստանի քաղաքացիների խմբում 7-ը առողջ են, երեխաները ջերմություն ունեն, նրանք այս պահին հետազոտվում են, չնայած չի հաստատվել, որ կորոնավիրուս է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական հետազոտությունների բաժնի տնօրեն Պաատա Իմնաձեն:

Հատկանշական է, որ Չինաստանի քաղաքացիներին կտեղավորեն մեկուսացված բաժնում: Զբոսաշրջիկները հունվարի 21-ին տեղափոխվել են Բաքու, ինչից հետո հունվարի 25-ին հատել են Վրաստանի սահմանը:

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրից ժամեր առաջ Թբիլիսի տեղափոխված 2 չինացի երեխաները հետազոտվում են Թբիլիսիի Վարակային պաթոլոգիայի, ՉԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում: Նախնական տվյալներն արդեն հայտնի են՝ երեխաները վարակված են Վրաստանում տարածված «Ա» տիպի վիրուսով, չնայած 12-24 ժամվա ընթացքում վերջնականապես պարզ կդառնա՝ արդյոք հիվա՞նդ են կորոնավիրուսով:

«Ալիք Մեդիան» զրուցել է կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հետ:

«Այս պահին հետազոտություն է անցնում Չինաստանի 2 անչափահաս քաղաքացի, ինչպես նաև մեկ 24-ամյա Վրաստանի քաղաքացի: Երեքի դեպքում էլ կարճ ժամանահատվածում անհրաժեշտ միջոցներ են կիրառվել։ Ոչ մեկի դեպքում չի հաստատվել թոքերի բորբոքում: Քանի որ թոքերի բորբոքումը կորոնավիրուսի հիմնական նշաններից մեկն է, մեծ հավանականությամբ նրանք այս վարակով չեն հիվանդ: Չնայած սա դեռ հաստատված չէ, հետազոտությունը շարունակվում է, վերջնական պատասխանը դեռևս հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ նվազել է հավանականությունը, որ նրանք վարակված են կորոնավիրուսով:

Հատկանշական է, որ չինացի երկու երեխաների դեպքում հաստատվել է «Ա» տիպի վիրուս, որն այս սեզոնին տարածված է Վրաստանում: Վրաստանի 24-ամյա քաղաքացին գրիպի վիրուսով վարակված չէ: Մինչև 20 հիվանդ հետազոտվում է, կորոնավիրուսը բացառելու համար մեզ պետք է 12-24 ժամ, այդ պատճառով դեռևս ներկայացնում ենք նախնական տվյալները»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է վարակային պաթոլոգիայի, ՉԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը