Լրահոս

02.03.2011 12:57


Կարեն Անդրեասյան. «Մարդու իրավունքների պաշտպանը սերվիս է»

Կարեն Անդրեասյան. «Մարդու իրավունքների պաշտպանը սերվիս է»

Այս պահին ԱԺ-ում պատգամավորների հարցերին է պատասխանում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Կարեն Անդրեասյանը: Իսկ մինչ այդ նա իր ելույթում նշել է.

-Մարդու իրավունքների պաշտպանը ծառայություն է` սերվիս է, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով` մեր համաքաղաքացիներին և ցանկացած մարդու: Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբույր, ջերմ, բացի դրանից շահագրգռված, որպեսզի մեր դիմումները շատանան, ինչպես ամեն մի ծառայության մեջ: Մենք պետք է ոչ թե խուսափենք կամ հոգնենք մարդկանցից, ինչպես միգուցե տարբեր պետական մարմիններում տեղի է ունենում, այլ ուրախանանք ամեն մի դիմումի համար` ոչ թե, որ խախտվել են իրավունքները, այլ որ մարդիկ վստահում են մեզ: Ես կարծում եմ, որ վերաբերվելով դրան որպես ծառայություն, որի որակը պետք է լինի հաճելի, լավ, օգտակար, մենք կկարողանանք բարձրացնել և վստահությունը և, հետևաբար, դիմում-բողոքոների աճը:

ՄԻՊ թեկնածուն նաև նշել է, որ հասկանում է` ՄԻՊ-ը չի կարող հեռու լինել քաղաքականությունից:

-Եթե նույնիսկ ես չզբաղվեմ քաղաքականությամբ, քաղաքականությունը հաստա'տ կզբաղվի ինձնով,-ասել է Կ. Անդրեասյանը,-ես հասկանում եմ, որ նաև քաղաքական գործընթացներում պահել չկողմնորոշված, անորոշ այդ վիճակը որոշ մարդկանց կողմից միգուցե կդիտարկվի լղոզվածության, ոչ սկզբունքայնության կամ որևէ այլ դրսևորում: Ես ոչ թե ի սկզբանե արդարանում եմ, այլ հասկանում եմ, որ այդ վտանգները միշտ կան: Միևնույն ժամանակ, այդ անիմաստ մեղադրանքներից խուսափելու միայն մեկ ճանապարհ կա` իհարկե լինել սկզբունքային, բայց առավել ևս մի կարևոր փիլիսոփայություն որդեգրել հենց այսօր, մինչև նույնիսկ ընտրվելը և ընտվելուց հետո չմոռանալ այդ մասին` կոնկրետ մե՛կ մարդու խնդիրը, ցավը, իրավունքը ինձ համար պետք է միշտ լինի շատ ավելի կարևոր, քան հազարավոր ծափահարությունները, շատ քաղաքական ուժերը, խմբերը, խմբավորումները, որոնք կողջունեն կամ չեն ողջունի: Եթե ես ընտրվեմ, իմ հետագա աշխատանքը կենտրոնացած է լինելու մե'կ մարդու և այդ մեկ մարդու մե՛կ իրավունքի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը