Աշխարհ

29.01.2020 18:15


Զարմացած չեմ, կարելի էր կռահել այլախոհների նկատմամբ նախարարության վերաբերմունքը. Արփինե Հովհաննիսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ չընտրվելու մասին

Զարմացած չեմ, կարելի էր կռահել այլախոհների նկատմամբ նախարարության վերաբերմունքը. Արփինե Հովհաննիսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ չընտրվելու մասին

Բացարձակապես զարմացած չեմ արդարադատության նախարարության այս դիրքորոշումից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների կազմում իր չընդգրկվելուն:

«Կարելի էր կռահել այլախոհների նկատմամբ իրենց վերաբերմունքը և, բնականաբար, սա քաղաքական հայացքներով պայմանավորված չընտրություն է: Դա, հավանաբար, դուրս էր գրիչ, ֆեյք, ապօրինի թմրամիջոց, իշխանության համար խիստ «տրամաբանական» շղթայից: Այդպիսի որոշումը դուրս կլիներ այդ շղթայից»,- ասաց նա:

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը.

հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար որպես իրավաբան-գիտնական հայտ էր ներկայացրել նաև «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը