Հարցազրույց

28.01.2020 10:04


Սարսափելի է, երբ երկրի ղեկավարը հումորային սկետչեր է հղում անում (տեսանյութ)

Սարսափելի է, երբ երկրի ղեկավարը հումորային սկետչեր է հղում անում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը փորձում է երկիրը կառավարել իր լայվերի ու ասեկոսեների հիման վրա, այսինքն՝ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվում, բայց նա փորձում է համոզել հակառակը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը։

Արա Վարդանյանի խոսքով՝ ժողովուրդը զգում է, որ իր կյանքում ոչինչ չի փոխվել և բախվելու է լուրջ խնդիրների․ «Ինչ վերաբերվում է վարչապետի ասած հիբրիդային պատերազմին, ապա լավ կլինի, որ վարչապետն ինքը հասկանա՝ ինչ է դա նշանակում։ Հայաստանում միակ պատերազմ հրահրողը հենց Նիկոլ Փաշինյանն է»։

Հաղորդման մյուս հյուրը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի հասկանում իր քայլերի նպատակները․ «Միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը հղում է անում հումորային սկետչերի, երևում է, որ նա բավականին վախեցած է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է խոսել։ Նաև նշեմ, որ սարսափելի է, երբ երկրի ղեկավարն ինչ-որ սկետչերի է հղում անում»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հիշատակած հիբրիդային պատերազմից՝ Լուսինե Սահակյանի կարծիքով չի կարելի մարդկանց հանիրավի մեղադրել ինչ-ինչ հանցանքների մեջ․ «Նախ, Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխաներ մի հարցի, եթե նա ունեցել է հիբրիդային պատերազմի մասին ինֆորմացիայի, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ պետության համար վտանգավոր տեղեկությունը հասու է դառնում լրատվամիջոցին»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ համոզված է, որ այսօր քննարկվում է մի հարց, որը գոյություն էլ չունի․ «Չկա հիբրիդային պատերազմ, որի մասին էլ մենք այսօր խոսում ենք։ Չկա դիսկուրսի մակարդակ, չկա օրակարգ, դրա համար էլ ստեղծվում է արհեստական օրակարգ»։

Ըստ Արա Վարդանյանի ևս մեկ դիտարկման․ «Պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի վարչապետն է, ում ֆեյսբուքյան էջին ոչ միայն հայերն են հետևում, այլև ողջ աշխարհը։ Ես ինձ շատ վատ եմ զգացել, որ օրինակ՝ ԱՄՆ-ի դեսպանը երեկ տեսնում է՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ ձևով քննարկման առարկա դարձնում մի գրիչ»։

Վարդանյանը համոզված է, որ այժմ հրատապ թեմա պետք է լիներ երկու օրից սպասվող Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի պաշտոնակցի հետ, մինչդեռ այսօր քննարկման թեման խոհանոցային մակարդակի է։

Անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմանը՝ որտեղ նա իր էջի սթորի բաժնում հրապարակել էր Հրայր Թովմասյանի եղբոր աղջկա ֆեյսբուքյան էջի լուսանկարը՝ կարծելով, որ նա Հրայր Թովմասյանի դուստրն է ու գրել. «ժողովուրդ ջան, դե ձեզ տեսնեմ»,-այսպիսով՝ կարծես թե ատելության կոչ էր արել՝ Երվանդ Վարոսյանն ասել է, որ նա նույնչափ այս իշխանության ատելության քարոզի զոհն է, որքան այդ նկարի աղջիկը․ «Այդ տղան ինչ տեսել, դա է արել։ Ինձ հետաքրքրում է՝ ո՞վ է մեղավոր, որ այդ տղան հայտնվել է Երևանի ավագանիում»։

Լուսինե Սահակյանն էլ նշում է, որ պատկերացնելու չէ այդ տղայի վիճակը, որը տեսնում է, թե ինչպես է երկրի ղեկավարը բռնության կոչեր անում ու պատասխանատվության չի ենթարկվում, իսկ ինքը՝ ենթարկվում է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը