Լրահոս

01.03.2011 17:20


Առաջարկվում է օրենքով ամրագրել պաշտոնյաների՝ գրական հայերենով խոսելը

Առաջարկվում է օրենքով ամրագրել պաշտոնյաների՝ գրական հայերենով խոսելը

Մարտի 1–ին՝  ՀՀ Ազգային ժողովի 4–րդ գումարման 9–րդ նստաշրջանի քառօրյա նիստի ժամանակ, քննարկվել է ««Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՅԴ պատգամավորների ներկայացրած օրենսդրական փաթեթը։

Օրինագծի հիմնական զեկուցող Լիլիթ Գալստյանը ներկայացնելով այն՝ նշել է, որ օրինագիծը կոչված է պաշտպանելու մայրենի լեզուն։ Նա նաև նշել է, որ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ ԶԼՄ–ներում, գովազդում, ինչպես նաև պաշտոնատար անձանց խոսքում քիչ չեն դեպքերը, երբ աղավաղվում է գրական հայերենը, և ժարգոնն ու փողոցային լեզուն դարձել են հասարակության կյանքի անբաժանելի մասը։

Օրենսդրական փոփոխություններով հայերենի պաշտպանվածությունն ու պահպանությունն ամրագրելու անհրաժեշտությունը հրամայական է,–ընդգծել է նա։

Գործող օրենսդրությունը, ըստ նրա, բավարար հիմքեր չի ապահովում, որ կարողանա մայրենի լեզուն պահպանել։ «Գովազդի մասին» օրենքում իրենք առաջարկում են նոր խմբագրում, որտեղ ավելի են ընդլայնվել գովազդի նկատմամբ ընդհանուր պահանջները, ու սահմանվել են հստակ պարտականություններ։ Մասնավորապես, խմբագրված տարբերակում հայերեն գովազդը կարող է զուգորդվել օտար լեզուներով, որոնց շարադրանքն ու տառերի չափը չպետք է գերազանցեն հայերենը, ավելի գրավիչ չպետք է լինեն, քան հայերենը։ Ամրագրվել է նաև, որ գովազդի շարադրանքը պետք է ապահովի հայերենի անաղարտությունը, և այլն։

Լրացում է կատարվել նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածում, որտեղ ամրագրվել է, որ պաշտոնական անձանց պաշտոնական ելույթների և քաղաքացիների պաշտոնական խոսքում ոչ թե հայերենի շարադրանքն է կարևոր, այլ գրական հայերենի պաշտպանվածությունը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փորձ է արվել համապատասխան փոփոխությունների միջոցով սահմանել գործող տույժերից ավելի բարձր տույժեր, ինչպես նաև այլ փոփոխություններ։

Մարտի 2–ին օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը