Լրահոս

01.03.2011 16:59


Արմեն Ռուստամյան. «Կառավարությունն ընդունակ չէ լուծելու առաջացող խնդիրները»

Արմեն Ռուստամյան. «Կառավարությունն ընդունակ չէ լուծելու առաջացող խնդիրները»

Քիչ առաջ խորհրդարանն ավարտել է «Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այս հարցին դրական եզրակացություն չի տվել, բայց ՀՅ Դաշնակցություն խմբակցության կողմից այն կանոնակարգ–օրենքի համաձյան ճանաչվել էր արտահերթ հարց։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքերով՝ նման հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտ է այն պատճառով, որ Հայաստանի գազամատակարարման համակարգի վիճակի վերաբերյալ խորհրդարանն ամբողջական պատկերացում չունի, ինչպես նաև պետք է պարզել՝ սպառողն ի՞նչ երաշխքիներ ունի, թե իրեն տրվում է որակյալ ապրանք, թե այդ ապրանքի սակագինը ճիշտ է հաշվարկվում, և ո՞ւր է այն օրենքը, որ սահմանում է գազամատակարարման ոլորտի մենաշնորհը և այլն։

–Մենք ունենք մի վիճակ, երբ Սուրգուտից (հաշվելով հանքափորների աշխատանքը, ամբողջ ինֆրաստրուկտուրան) մինչև Հայաստան գազը հասցնելն արժե ճիշտ այնքան, ինչքան արդեն սահմանից հասցնել մեր տները։ Նորմա՞լ է սա։ Մենք կարծում ենք՝ ոչ։ Ո՞վ պետք է սա քննի։ Մենք կարծում ենք՝ խորհրդարանը,–ԱԺ ամբիոնից հայտարարել է Վ. Հովհաննիսյանը։

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իրենց համոզմամբ՝ կառավարությունն ընդունակ չէ լուծելու առաջացող խնդիրները։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ արտառոց է համարել, որ այս հարցի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը բացակայում է.

–Ես կարծում եմ, որ այստեղ միտումնավորություն կա, որ կառավարությունը չի մասնակցում, և սա շատ տխուր երևույթ է,–ասել է Ա. Շահբազյանը։–Այս վերաբերմունքը համարում եմ անպատասխանատու և խնդրից խուսանավելու միջոց։ Նաև հավանաբար այսպես ենք անում, և չենք իմանում՝ ինչ խնդիրներ կան, և դրանից հետո, օրինակ, ՀՀ վարչապետն այսպես երջանիկ կարող է ներկայացնել մեր հանրապետության վիճակը։

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանել է, որ կառավարության ներկայացուցչին չեն էլ հրավիրել, որպեսզի ներկա լինի, քանի որ նրա ներկայությունը որոշ մարդկանց կողմից կարող էր համարվել ճնշում ԱԺ որոշման վրա։

–Այնպես չէ, որ իրենք արհամարհել, չեն եկել,–ընդգծել է Հ. Աբրահամյանը։

ԱԺ նախագահի այս խոսքերին էլ ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովում տվյալ հարցի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը կա՛ր։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքերով էլ՝ տվյալ հարցը տվյալ ձևաչափով քննարկելը չի նպաստում հիմնական հարցի կարգավորմանը, այդ իսկ պատճառով էլ հանձնաժողովի ստեղծմանը դրական եզրակացություն չեն տվել։

Իր եզրափակիչ խոսքում Վահան Հովհհանիսյանը նկատել է, որ պատահական ժամանակ չի քննարկվում համապատասխան հանձնաժողով ստեղծելու հարցը, ինչը ՀՀ նախագահին կարող է հնարավորություն տալ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցություններում միգուցե ավելի կտրուկ և միգուցե ավելի փաստարկված բարձրացնել Հայաստանի գազի գնի խնդիրը։

–Ինչո՞ւ ենք մենք զրկում երկրի իշխանությանը այդ հզոր խաղաքարտից։ Ամեն դեպքում չէ, իմիջայլոց, որ խաղաքարտն օգտագործողը հենց տվյալ պահին հասկանում է այդ խաղաքարտի իրական արժեքը։ Խաղի ընթացքում կերևա։ Մի՛ այդ հնարավորությունից զրկեք,–հայտարարել է Վ. Հովհաննիսյանը։

Նա ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել է այսօր այս հարցի վերաբերյալ քվեարկություն չկազմակերպել և այն հետաձգել մինչև հաջորդ քառօրյա։

Իսկ քիչ ավելի ուշ՝ պատգամավորների հայտարարությունների ժամին, Վահան Հովհաննիսյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնություն են ձեռք բերել՝ մինչև հարցի քվեարկությունը կազմակերպել լսումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը