Լրահոս

01.03.2011 15:18


Վահան Հովհաննիսյան. «Համաձայն չեմ վարչապետի տեսակետի հետ»

Վահան Հովհաննիսյան. «Համաձայն չեմ վարչապետի տեսակետի հետ»

«Մենք պետք է ոչ թե ապրանք, այլ ծառայություններ արտադրող երկիր դառնանք» հեռուստատեսություններին տված հարցազրույցում ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մեկնաբանելով այդ հայտարարությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ դա գեղեցիկ ցանկություն է, որը հիմնված է թեորետիկ պատկերացումների վրա:

Նա նշել է, որ այսօր իհարկե ամենազարգացած երկրներն աշխարհում նրանք են, որոնց հաջողվել է հասնել այն մակարդակի, որ մտային սերվիս մատակակարարելով կարողանում են իրենց հասարակությունները պահել, այդ իսկ պատճառով ունենում են «Սիլիկոն վելլի» ԱՄՆ-ում, որն արտադրում է կոմպյուտերային լավագույն «software» տեխնոլոգիաները,  ունենում են Հոլիվուդ և արտադրում են կինոնկարներ, որոնց բյուջեները որոշ պետությունների բյուջեներին համարժեք կամ ավել են: Սակայն, ինչպես նշել է Վահան Հոնհաննիսյանը, չի կարելի ասել, որ ԱՄՆ-ն արդյունաբերություն չունի և ամբողջը տվել է Չինաստանին ու Հնդկաստանին:

Նա նշել է, որ տեխնոլոգիապես ամենաբարդ ու կարևոր ապրանքները, օրինակ «Boing» ինքնաթիռը, ռազմական «Fantom» ինքնաթիռը արտադրվում են ԱՄՆ-ում, ոչ թե Չինաստանում, որտեղ նրանք արտադրում են երկրորդական կարգի ապրանքներ, ինչը հասկանալի է, որ կապված է աշխատուժի արժեքի հետ:

-Սերվիսի մասին խոսելիս չենք խոսում միայն հյուրանոցների, քիսաչիների և փողոցում կանգնած կանանց մասին, եթե այդ սերվիսն ի նկատի չունենք, ապա պետք է հասկանանք, որ մյուս սերվիսին, դա կոչվում է պոստինդուստրիալ հասարակություն, հասնել կարելի է: Բայց պոստինդուստրիալը նշանակում է, որ դու ինդուստրիալով անցել ես: Հայաստանին այդ ինդուստրիալից զրկում են և կարծում եմ դա սխալ է,- նշել է Վահան Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է նաև, վարչապետի որ նույն այդ հայտարարության մեջ շատ հստակ հնչեց, որ տեղական արտադրողի նկատմամբ որևէ հոգատարության այլևս չի լինելու, որովհետև դա կառավարությւոնն անիմաստ է նկատում և այլն:

-Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ,- ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը