Լրահոս

01.03.2011 13:06


«Ժառանգությունը» մնալու է ժողովրդի կողքին

Երեք տարի առաջ մարտի 1-ին իշխող վարչակարգը սեփական ժողովրդի հանդեպ իրագործեց մեծ ոճիր` կրակ բացելով եւ սպանելով 10, վիրավորելով հարյուրավոր անզեն, խաղաղ ճանապարհով իրենց սահմանադրական իրավունքն իրացնող եւ հանուն օրինականության պայքարող, ինչպեսեւ պատահական անցորդ քաղաքացիների:

Մինչեւ օրս էլ այս ոճրագործության պատասխանատուներն ու անմիջական կատարողները չեն ստացել իրենց արժանի դատապարտումը, իսկ իշխանությունները շարունակում են քրեական գործը կոծկելու ջանքերը:

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է, որպեսզի պատժվեն 2008թ. մարտի 1-ի ազգային ողբերգության բոլոր կազմակերպիչներն ու կատարողները:

Մենք նաեւ կիսում ենք մեր զոհված հայրենակիցների հարազատների վիշտը` ցանկանալով սփոփել նրանց այն համոզմամբ, որ իրենց զավակների, եղբայրների, հայրերի նահատակությունն իզուր չէր: Իրենց կյանքով նրանք առավել հիմնավոր  արմատավորեցին Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, նշանավորեցին հանուն ազատության եւ արժանապատվության  պայքարի, սեփական ուժերի հանդեպ ժողովրդի հավատի անսասանությունը: Իրենց կյանքով նրանք Մարտի 1-ը դարձրին մի ջրբաժան, որից այն կողմ Հայաստանի ժողովրդին այլեւս ոչ ոք եւ ոչինչ չի կարող ընկճել:

«Ժառանգությունը», որը մշտապես, այդ թվում մարտի 1-ին, եղել է ժողովրդի հետ, այսօր էլ զորավիգ է եւ տեր է Երեւանում, թե երկրի ողջ տարածքում` փողոցում, թե առօրյայում հաղթական ճշմարտությանը, Հայրենիքի ապագայի եւ սեփական իրավունքների համար մեր համաքաղաքացիների մղած պայքարին, մեր հավաքական ու օրինական իրավատիրությանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը