Լրահոս

01.03.2011 12:53


Հովիկ Աբրահամյանի վրդովմունքը պատգամավորներին սթափեցրել է

Հովիկ Աբրահամյանի վրդովմունքը պատգամավորներին սթափեցրել է

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ, երբ 17:30-ի սահմաններում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերադառնալով և հայտնաբերելով դահլիճը կիսադատարկ` վրդովված հայտարարել էր` այսուհետ քվեարկությունները կազմակերպվելու են ոչ թե 12:00-ին, այլ հարցերի քննարկումից անմիջապես հետո:

-Իհարկե բոլոր պատգամավորներին չի վերաբերվում, բայց նստում են դահլիճում, քվեարկություն կազմակերպում և գնում, իրենց գործերով զբաղվում: Իմ կարծիքով նաև ընտրողներն արդեն ինչ-որ որոշում կայացնելու պատճառներ ունեն, որ նման պատգամավորներին չընտրեն ընդհանրապես: Եվ սա ի՞նչ աշխատանքի ոճ է` գալ 12:00-ին, քվեարկել ու գնալ: Ուրեմն սրանից հետո վարողները, 1-2 օր հետո, իհարկե, խմբակցությունների ղեկավարաների հետ պայմանավորվելուց հետո, հարցը կավարտվի, կազմակերպելու են քվեարկություն: Եվ, իմ կարծիքով, իրենք պետք է մտածեն իրենց ապագայի մասին, որ մեկ ամսվա ընթացքում 3-4 օր են գալիս նիստի, բայց այդ 4 օրն էլ չեն բարեհաճում գոնե դահլիճում 6 ժամ անցկացնեն,-զայրացած հայտարարել էր Հ. Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ նախագահի այս վրդովմունքը պատգամավորներին, ամենայն հավանականությամբ, սթափեցրել է, քանի որ սովորության համաձայն քվեարկություններից հետո նրանք այսօր հոսքով դուրս չեն եկել, այլ մնացել են իրենց տեղերում նստած: Սակայն, քիչ անց, երբ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել դահլիճից, պատգամավորները հերթով կամաց-կամաց սկսել են ցրվել:

Ի դեպ, Հ. Աբրահամյանի թերևս ոչ բոլոր հորդորներին են պատգամավորներն արձագանքում: ՀՀ ԱԺ նախագահը նրանց բազմիցս կոչ է արել ուրիշի փոխարեն չքվեարկել, սակայն այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը մի քանի անգամ քվեարկել է իր կողքինի փոխարեն, իսկ հետո տեսնելով, որ լրագրողները նկատել են դա, դադարեցրել է:

Հիշեցնենք, որ երբ ԱԺ-ն քվեարկության էլեկտրոնային համակարգին էր անցնում, հայտարարվում էր, թե այդպիսով կբացառվի ուրիշի փոխարեն քվեարկելու ավանդույթը: Սակայն, պատգամավորները դրա ձևն էլ են գտել: Բացակա պատգամավորների համակարգիչը միացնելու և նրանց փոխարեն քվեարկելու համար անհրաժեշտ է ընդհամենը էլեկտրոնային քարտն ունենալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը