Լրահոս

01.03.2011 10:54


Կասեցվել է մի շարք մասնավոր բուհերի գործունեությունը

Կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստում կասեցվել է մի քանի ոչ պետական բուհերի գործունեությունը:

ԿԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկությամբ կայացված որոշման հիմքով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով. Ամբողջովին կասեցվել են` 1/«Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիա» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 288 լիցենզիայի գործողությունը, 2/Հայաստանում «Գերմանական համալսարան» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 1065 լիցենզիայի գործողությունը:

Մասնակի կասեցվել են`«ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 791 լիցենզիայի գործողությունը` մագիստրոսի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Լրագրություն», «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների մասով, ինչպես նաև` Երևանի «Հրաչյա Աճառյան համալսարան» արտադրական կոոպերատիվի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 167 լիցենզիայի գործողությունը` բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճաններով, առկա ուսուցմամբ, «Կիրառական մաթեմատիկա» և «Աշխարհագրություն» մասնագիտությունների մասով։

Դադարեցվել է Երևանի «Ալաշկերտ» համալսարանե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու N 064 լիցենզիայի գործողությունը:

Այս խորագրի վերջին նյութերը