ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանը առաջիկա ընտրություններին չի կարող ասել կմասնակցի՞, թե՞ ոչ։ Դա, ըստ նրա, կախված է իրավիճակից.
–Ճիշտ է, խորհրդարանական ընտրություններին ժամանակ չի մնացել, բայց ժամանակ դեռ կա, կախված, թե առաջիկա զարգացումներն ինչ ընթացք կստանան, ըստ այդմ կորոշեմ,– ասել է նա։
«Որն է այն ուժը, որի շուրջ մարդիկ կհամախմբվեն, որ փոփոխություն անեն» հարցին ի պատասխան, նա նշել է, որ իր կարծիքով Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է ինչ–որ բան փոխել.
–Շատ բան կախված է ժողովրդից։ Եթե ժողովուրդն իսկապես հավատա և ընտրություններին դրսևորի իր քաղաքացիական պարտականությունը, գնա քվերակի և այլն, այդպիսով կարծում եմ ինչ–որ բան կարելի է անել,– նշել է նա և հավելել, որ դժբախտաբար այսօր ժողովուրդը երբ հուսալքվում է ոչ թե փողոց է դուրս գալիս, այլ թողնում գնում է Հանրապետությունից։
Նա նշել է, որ այս պահին չի կարող ասել, թե որն է այդ ուժը և որպես օրինակ բերել է արաբական երկրների շարժումներըը, որոնք առաջնորդներ չեն ունեցել.
–Միշտ մի ակնկալեք, որ ինչ–որ մեկը պետք է լինի, որ ինչ–որ քաղաքական ուժ պետք է լինի։ Ժողովուրդն ինքնուրույն էլ կարող է բաներ անել։
Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ չէր ցանկանա, Հայաստանում էլ արաբական երկրների նման ցնցումներ լինեն, քանի որ դրանք երկիրը մի քանի տասնամյակով հետ կարող են գցել, սակայն այն երևույթները, որոնք արաբական աշխարհում այդ ցնցումների պատճառ հանդիսացան, առկա են նաև Հայաստանում։
–Դժբախտաբար այդ երևույթներն առկա են նաև Հայաստանում։ Ես կոչ չեմ անում, որ մենք այդ ճանապարհով գնանք, բայց այն ինչ կատարվում է արաբական երկրներում պետք է ահազանգ լինեն մեր բոլորիս համար, առաջին հերթին իշխանության, այնուհետև ընդդիմության համար,– ասել է Վ. Օսկանյանը։
Կմասնակցի՞ Վ.Օսկանյանն ընտրություններին, թե՞ ոչ
7or.am