Լրահոս

28.02.2011 19:24


Վարդան Օսկանյանը պահում է Ռոբերտ Քոչարյանի հետ իր կապերը

Վարդան Օսկանյանը պահում է Ռոբերտ Քոչարյանի հետ իր կապերը

«Ձեզ մշտապես կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հնչում են ենթադրություններ, որ ձեր գործողությունները կորդինացվում են հենց նրա կողմից։ Երկարամյա աշխատանքից հետո ինչպիսի՞ շարունակություն են ստացել ձեր հարաբերությունները Ռ.Քոչարյանի հետ անձնական և քաղաքական հարթություններում»՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի նոր՝ «Հարյուր հարց ու պատասխան» քննարկումների շարքի առաջին միջոցառման ժամանակ հնչեցրած հարցին պատասխանելով ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանն ասել է.

Ռոբերտ Քոչարյանի հետ ես 10 տարի աշխատել եմ, դրանից առաջ էլ աշխատել եմ։ Այս երկարամյա մեր արդյունավետ համագործակցությունը պայմանավորված է եղել նրանով, որ փոխադարձ հարգանք ու վստահություն է եղել։ Քոչարյանի հետ իսկապես շատ արդյունավետ եմ աշխատել։ Պաշտոնաթողությունից հետո ես իմ կապերը Քոչարյանի հետ պահում եմ, պարբերաբար հանդիպում եմ նրա հետ, զրուցում ենք երկրի քաղքականությունից։ Միասին որևէ գործունեություն չունենք, Քոչարյանի կողմից որևէ թելադրանք ինձ չի եղել, ես Քոչարյանի առջև որևէ խնդրանք չեմ դրել, պարզապես մեր պրոֆեսիոնալ այդ համագործակցության բարեկամական շարունակությունն է պարբերաբար հանդիպումներ ունենալը։

Նա նշել է, որ այն մարդիկ, ովքեր իրեն կապում են Քոչարյանի հետ, հավանաբար առաջնորդվում են նրանով, որ իրենք այնպիսի մարդիկ են, որ երբեք իրենց կյանքում ինքնուրույնություն չեն ունեցել և միշտ ուրիշների պատվերներն են կատարել։ Այդպիսի մարդիկ Հայաստանում, նրա խոսքերով, շատ են և այդ մտածողությունը հայ հասարակության մոտ շատ է արմատավորված։

Նրան նաև խնդրեցին մեկնաբանել Ռ.Քոչարյանի վերջին հարցազրույցը և նշել, թե ինչո՞վ էր դա պայմանավորված, ինչին ի պատասխան, Վարդան Օսկանյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել հենց Ռ.Քոչարյանին.

Որքան էլ լավ ճանաչեմ նրան, չեմ կարող իսկապես Քոչարյանի մտքի մեջ ներթափանցել և պատասխանել։

Ներկաներից մեկի առաջարկին ի պատասխան, որ գերադասելի կլինի, որ հաջորդ հյուրը հենց ինքը՝ ՀՀ երկրորդ նախագահը լինի, Վ.Օսկանյանը խոստացել է անպայման հրավիրել նրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը