Տնտեսական

20.01.2020 13:50


Կառնուտ գյուղի բնակիչները ճանապարհ են փակել

Կառնուտ գյուղի բնակիչները ճանապարհ են փակել

Այսօր Շիրակի մարզի Կառնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են սկսել և ճանապարհ փակել։ Բնակիչները նշում են, որ կարկտահարությունից գյուղը զգալի տուժել է, սակայն փոխհատուցում տրամադրելիս տարբերակված մոտեցում է դրսևորվում:

Բնակիչներից մեկը նշեց, որ, օրինակ՝ Ախուրյան գյուղում կարկուտի հետևանքով վնասի փոխհատուցումը ներառվել է ցուցակում, իսկ Կառնուտն անտեսվել է, ըստ նրա՝ ցուցակը թերի և կողմնակալ է։

«Կարկուտը մեր հողերին խփել է, բայց մեզ չեն ներառում կարկտահարվածների ցուցակում ու բնակիչներից 40-ին դատի են տվել։ Գյուղացին մեկ ամսից պիտի հող մշակի, բայց չի կարող, որովհետև վարկ չի կարող վերցնել։ Հայաստանի 5 տոկոս բանջարեղեն մատակարարող գյուղն է սա, բայց հիմա 1 տոկոս էլ չենք կարող ցանել»,-նշեց բնակիչը։

Կառնուտցին ներկայացրեց, որ դիմում են գրել, բայց պատասխան չկա, փոխարենը պատասխանել են՝ կներեք, թյուրիմացություն է եղել։ Ըստ նրա՝ դիմում-բողոքը կա, սակայն մարզպետարանը արձանագրություն չի ներկայացրել։

«Ասում են՝ քարը փեշներիցդ գցեք, գնացեք, ձեր տանը նստեք։ Ակնկալիք չկա, մենք այս մաֆիայի դեմ բան չենք կարող անել, Շիրակի մարզում հեղափոխություն չի եղել»,-ասաց նա և շեշտեց, որ գուցե Երևանում բողոքի ակցիա սկսեն։

Բնակիչների հետ հանդիպեց համայնքապետի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանը, սակայն բնակիչերն ասում են, որ տրված պատասխանները օդի մեջ հնչող խոսակցություններ են։ «Ինչպես նախորդ անգամ, այդպես էլ հիմա, իրար վրա գցեցին, վերջում ասացին՝ կներեք, մենք գնացինք»,- նշեց բնակիչը։

Նրա խոսքով՝ ցանկանում են երկու օր սպասել, որ տեսնեն, թե Կառավարությունն ինչպես է արձագանքում։ Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման նախարարություն և մարզպետարան նամակ են գրել, բայց մինչև հիմա պատասխան չեն ստացել։

Հարցին, թե արդյոք ցուցակագրումը օբյեկտիվ է եղել, համայնքապետի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանը պատասխանեց․ «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է բացարձակ օբյեկտիվ լինել։ Այստեղ երկու-երեք անձի խնդիր է, արտառոց բան չէ»։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը