Տնտեսական

20.01.2020 12:00


«Պետք է սպասենք մինչև ապրիլի 1-ը, որից հետո ավելի հստակ կլինի». Փոխվարչապետը գազի սակագնի բարձրացման մասին

«Պետք է սպասենք մինչև ապրիլի 1-ը, որից հետո ավելի հստակ կլինի». Փոխվարչապետը գազի սակագնի բարձրացման մասին

Գազի գինը 15 դոլարով բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից (դարձել է 165 դոլար 1000 խմ դիմաց), իսկ այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա արդեն պայմանավորված հարց է: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նաեւ պայմանավորվածություն կա, որ մինչեւ ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլեւ հայտ չի ներկայացվի: Այս պահին ընթանում են քննարկումներ, որոնք ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու պատճառ ես չեմ տեսնում: Ի՞նչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո. Այո, չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի, որովհետեւ երբ մենք միասին խոսել ենք գազի սակագնի բաղադրիչների մասին, դրանց մեջ կան երեք հիմնականը՝ հինը սահմանին, ընթացիկ ծախսերը, որոնք շատ հեշտ է գնահատական տալ, արագ պայմանավորվել, բայց կա նաեւ ներդրումային ծրագրի հարց: Այնուամենայնիվ կա պնդում, դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան եւ արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու համար անհրաժեշտ են ներդրումներ»,-ասաց փոխվարչապետը:

Դիտարկմանը, որ տպավորություն է, որ արդեն պայմանավորվածություն կա, որ գազի սակագինը բնակիչների համար բարձրանալու է ապրիլից, նա արձագանքեց. «Պայմանավորված լինելը նույնիսկ տեսականորեն անհնար է, որովհետեւ դուք գիտեք կարգը, ձեւը, թե ինչպես ա փոփոխվելու սակագինը: Դետալիզացված պայմանավորվածություն հնարավոր չէ ունենալ, բայց քննարկումներն ընթանում են: Ներդրումային ծրագրերի հետ կապված, այո, ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ»:

Հարցին, թե բյուջեն պլանավորո՞ւմ է փոխհատուցել բնակիչների ծախսերը, եթե գազի սակագինը բարձրանա, փոխվարչապետը չբացառեց նման հնարավորությունը. «Երբ բոլորս հասկանանք, որ այո, հայտ է ներկայացվել, այո, կա ծախսերի անհրաժեշտություն, բնականաբար կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նկատեց, որ գազի գնի հարցը միանգամյա քննարկման հարց չի, միշտ էլ քննարկում են բազմակողմ ձեւաչափերով. «Դա թե Իրանին է վերաբերվում, թե ցանկացած այլ հնարավոր տարբերակի»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը