Տնտեսական

28.02.2011 12:55


«Ամո՛թ, քեզ Տիգրան»

«Ամո՛թ, քեզ Տիգրան»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռուստատեսային ելույթը սոցիալապես ծանր վիճակում գտնվող գյումրեցիներին խիստ զայրացրել է: Վերջիններիս կարծիքով՝ վարչապետի ելույթը ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ ոչ մի կապ չի ունեցել, և տպավորություն է եղել, թե Տիգրան Սարգսյանը խոսում է բոլորովին ուրիշ Հյաստանի մասին։ «Նրա բոլոր պատասխանները ինձ համար ընդունելի չեն։ Այն, որ ասում է՝ 2010թ. թանկացումները նորմալ են եղել, սուտ է, չի համապատասխանում իրականությանը: 30-40 տոկոս գների աճ է եղել»,-ասել է Գրիգոր Հարությունյանը:

Իսկ 50–ամյա Լիաննա Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետը ոչ մի օգտակար բան չի ասել. «Վարչապետն ի՞նչ ասավ, որ։ Աշխատող ժողովրդին օգտակար բան ասա՞վ։ Չէ՛: Վերջին 50 տարիներին ես էսպիսի վատ վիճակ չեմ էլ տեսել»:

Գայանե Սարգսյանի կարծիքով՝ ներկայիս կառավարությունը պարզապես սնանկացրել է ժողովրդին. «Շատ զայրացրեց։ Ամեն րոպե հեռուստացույցը միացնում էի, որ ինքն էր, անջատում էի, որովհետև ինչխոր ինքը նստավ–չնստավ վարչապետ, մեր ամեն ինչը կործանվեց, սնանկացրեց ժողովրդին։ Հո էսպես ապրել չի լինում»:

Հովհաննես Մկրտումյանի խոսքերով՝ այդ ելույթից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը այս կառավարության հետ ոչ մի հեռանկար չունի. «Մինչև վերջ լսել եմ ելույթը, բայց ոչ մի ասածին չհավատացի, երկրորդն էլ՝ հուսադրող ոչ մի բան չասաց: Միագույն, միապաղաղ, շրջանցող պատասխաններ: Էդպիսի կառավարումով ոչ մի հեռանկար չկա, էդպես լեզվին տալով՝ ի՞նչ դուրս կգա»:

Վերջում գյումրեցի Վարդան Կիրակոսյանը նշել է, որ ինքն անձամբ ճանաչում է Տիգրան Սարգսյանին, և այս ելույթից հետո եթե հանդիպեր, նրան կասեր. «Ամո՛թ քեզ, Տիգրա՛ն»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը