Աշխարհ

16.01.2020 19:26


Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցը կոգեկոչվի Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում

Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցը կոգեկոչվի Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում

Պոլսահայ անվանի մտավորական, հրապարակախոս, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն։

Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, հիշատակի միջոցառում կանցկացվի հենց դեպքի վայրում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրատան շենքի դիմաց։ Նույն օրը հոգեհանգստի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև Բալըքլըի հայկական գերեզմանատանը և Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հունվարի 19-ին Ստամբուլի տարբեր վայրերում, այդ թվում՝ «Արաս» հրատարակչության «Եսայան» սրահում, կկազմակերպվեն նաև Հրանտի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ, իսկ «Ոմանք» հայկական երաժշտական խումբը Բեյօղլուում հանդես կգա Հրանտի հիշատակին նվիրված համերգով։

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Բոդրումում։ Թուրքիայից բացի հունվարի 18-ին և 19-ին Հայաստանից և Թուրքիայից ժամանած հյուրերի մասնակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Անգլիայում (Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի), ԱՄՆ-ում (Հարվարդ, Լոս Անջելես), Գերմանիայում (Բեռլին, Ուլմ, Աուգսբուրգ), Կանադայում (Օտտավա, Մոնռեալ), Նիդերլանդներում (Ամստերդամ) և Ավստրայում (Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայական եկեղեցի)։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ։ Սպանությունից անցել է արդեն ուղիղ 13 տարի, բայց դեպքի առթիվ հարուցված դատական գործը դեռ չի ավարտվել։ Դինքի սպանության հրահրման և կազմակերպման մեջ մեղադրվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը