Լրահոս

28.02.2011 09:05


«Կանգնեցրե՛ք ջավախահայության նկատմամբ վրաց իշխանությունների խտրական վերաբերմունքը»

2011թ. ապրիլի 17ին լրանում է ջավախքահայ ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Նա շինծու մեղադրանքների հիման վրա վրացական դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Ներկայացնում ենք հայկական բլոգոսֆերայի կողմից ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների կազմած հանրագիրը (պետիցիա), որի անգլերեն տարբերակը տեղացդրված է

http://www.gopetition.com/petition/43282.html

Ստորև ներկայացնում ենք հանրագրի տեքստի հայերեն թարգմանությունը.

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

ՄԱԿի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին

Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը երկրի հայ ազգային փոքրամասնության, մասնավորապես պատմականորեն Վրաստանի հարավ-արևմտյան շրջաններում (Ջավախք) համախումբ բնակվող հայության նկատմամբ: Ոտնահարվում են ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական, մշակութային տարրական իրավունքները:  Ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչները, որոնք փորձում են բողոքել վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դեմ, հետապնդվում են:

Այսպես, 2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1,000 օրը: Ձերբակալված լինելով 2008թ. Հնգօրյա պատերազմի նախօրյակին` նա վրացական դատարանի կողմից խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում  2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք առնչվում են Ջավախքի հայ բնակչության  իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա հանրային գործունեությանը:

Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել:  Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների հարկադիր և տոտալ վերահսկողության տակ: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, աշխատանքից են ազատվում այդ գործընթացի դեմ ձայն բարձրացնող հայ ուսուցիչները:  Ջավախքահայության համընդհանուր հիասթափության և բոյկոտի պայմաններում կեղծվեցին 2010թ.  մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունները:

Բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ու Եվրախորհուրդը հորդորում են վրացական իշխանություններին լուծում տալ Վրաստանի հայ փոքրամասնության առջև ծառացած խնդիրներին, սակայն այդ բոլոր հորդորները վրաց իշխանությունների կողմից արհամարհվում են:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` մենք` ներքոստորագրյալներս,  կոչ ենք անում Ձեզ, ձեռնարկել անհապաղ միջոցներ ուղղված ջավախքահայության նկատմամբ խտրական քաղաքականության կասեցմանը:

Ի մասնավորի, մենք պահանջում ենք.

  1. անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները:
  2. տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում,
  3. իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիները,
  4. վերացնել Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Ժդանովական անցակետում` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքը,
  5. կասեցնել Վրաստանի հայկական դպրոցների վրացականացմանն ուղղված ծրագրերը,
  6. վերացնել Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքը:

2011թ. Մերձավոր Արևելքում ծայր առած իրադարձությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրենց բնակչության տարրական իրավունքները կոպտորեն ոտնահարող մենատիրական վարչակարգերը կենսունակ չեն: Ուստի, հանուն տարածաշրջանում կայունության հաստատմանը, կոչ ենք անում միջազգային և եվրոպական կառույցներին ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը