Տնտեսական

14.01.2020 11:35


Կփակվեն նաև Արագած, Արտենի, Ծաղկահովիտ և Արծվաբերդ համայնքների ծննդատները, որոնք ավելի քան 30 գյուղ են սպասարկում

Կփակվեն նաև Արագած, Արտենի, Ծաղկահովիտ և Արծվաբերդ համայնքների ծննդատները, որոնք ավելի քան 30 գյուղ են սպասարկում

Tert.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փակել ոչ միայն Մարալիկի ծննդատունը, այլև Արագածոտնի մարզի Արագած, Արտենի, Ծաղկահովիտ համայնքների և Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ծննդատները:

Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ ծննդատունը փակելու որոշումը հիմնավոր չէ, որոշ հանգամանքներ հաշվի չեն առնվել:

«Համայնքում բնակլիմայական պայմանները շատ վատն են: Խնդրել ենք մեր համայնքի ծննդատունը բացառության կարգով չփակել: Սպասարկում ենք 22 գյուղ, որոնցում հաճախ ճանապարհները փակ լինելու խնդիր է լինում, դեպք է եղել, որ ծննդկանի տեղափոխումը ԱԻՆ-ի օգնությամբ է կատարվել: Փակելու դեպքում մի օր փորձանք կլինի»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ նախարարությունից դիմումի պատասխանը հավանաբար կստացվի մինչև այս շաբաթվա ավարտը:

Նրա խոսքով՝ ծննդատանը տարեկան միջինում 60 ծնունդ է լինում: Ըստ Հակոբյանի՝ համաձայն են, որ ծնունդների թիվը մեծ չէ, բայց Ծաղկահովիտի դեպքում փակման որոշումն էլ ճիշտ չեն համարում:

Հակոբյանը խնդրահարույց համարեց նաև, որ ծննդատան փակման դեպքում դրա 4 աշխատակիցներն անգործ կմնան: «Հղիները Ծաղկահովիտում կկարողանան խորհրդատվություն ստանալ, կվարի բժշկուհին, բայց հարց է՝ նա կցանկանա՞ աշխատել, թե՞ ոչ, քանի որ այդ դեպքում նաև աշխատավարձն է կրճատվելու, և չգիտենք՝ նրան ձեռնտու կլինի՞ աշխատել»,-ասաց տնօրենը՝ նշելով նաև, որ գյուղում ծննդատան փակման լուրը բացասական են ընդունել նաև բնակիչները:

Հիշեցնենք, որ արդեն փակվել են Շիրակի մարզի Մարալիկ համայնքի և Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ծննդատները։

Արտենիի առողջության կենտրոնի տնօրեն Վարուժան Հակոբյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ծննդատան փակման մասին ընդամենը 4 օր առաջ են տեղեկացել, մինչդեռ պետք էր նախապես տեղեկացնել, գրավոր ծանուցել: «Միայն պետպատվերի հայտի բացասական պատասխանն ենք ստացել, որ ֆինանսավորում չի լինելու»,-նշեց նա:

Տնօրենն ընդունելի է համարում Առողջապահության նախարարության՝ ծննդատունը փակելու այն հիմնավորումը, թե փակելը բուժօգնության որակի բարձրացնելու նպատակ ունի: «Ընդհանուր քաղաքականությունն ընդունելի է՝ որակը պետք է բարձրացնել, բայց կարծում եմ՝ հնարավոր էր ծննդատունը փակելու փոխարեն ընտրել այլընտրանքային ճանապարհ: Մարդիկ տարիներ շարունակ աշխատել են այստեղ, որակյալ մասնագետներ են. կարելի էր ծննդատանը զուգահեռ այլ ծառայություններ հիմնել, զարգացնել: Ինքս 4 տարբեր հայտեր եմ ներկայացրել՝ զարգացնելու, բոլոր 4-ն էլ մերժվել են»,-ասաց նա:

Տնօրենի խոսքով՝ ծննդատան փակման դեպքում 5 աշխատակիցներն անգործ կմնան: «Գյուղերում աշխատատեղերը քիչ են, պետական 1-2 հիմնարկ կա, որոնցում հնարավոր է աշխատել: Պետք էր մտածել աշխատակիցների մասին»,-նշեց Վարուժան Հակոբյանը՝ հավելելով նաև, որ գյուղում բնակիչների տրամադրությունները ևս բացասական են:

Արագածի բժշկական կենտրոնի տնօրեն Գեղամ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե ծննդատան փակման մասին ծանուցումը ստացել են նախորդ տարվա ընթացքում:

«Առողջապահության նախարարությունից հիմնավորել են, որ նպատակահարմար չէ ծննդատունը պահելը՝ պայմանավորված ծնունդների քիչ թվով: Տարեկան 20-30 ծնունդ է եղել՝ սպասարկելով 4 գյուղի: Ծննդատունը 1 տարուց ավելի է՝ չի գործում: Մի տարի չի աշխատել, քանի որ բժիշկ չի եղել, հետո էլ՝ արդեն ըստ հրամանագրի»:

Տավուշի մարզի Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ծննդատան փակման մասին խոսակցությունները շուրջ մեկ տարի եղել են:

«Ծննդատանը 2019թ.-ին 9 ծնունդ է եղել, ծննդատունը 5 գյուղի է սպասարկել, բայց բնակիչները հիմնականում ընտրել են այլ բժշկական կենտրոններ, քանի որ ծննդատունը զարգացած չէր: Այս դեպքում անհրաժեշտ է այդ գյուղերի համար որակյալ շտապ օգնության ծառայություն հիմնել»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը