Տնտեսական

11.01.2020 14:11


«Որքան փողոցում քայլող կար, բերին գյուղատնտեսության մասնագետ դարձրին». Հրաչ Բերբերյան

«Որքան փողոցում քայլող կար, բերին գյուղատնտեսության մասնագետ դարձրին». Հրաչ Բերբերյան

Որևէ վտանգ այսօրվա դրությամբ չկա, որոշ անպատասխանատու մարդիկ վերջին օրերին աժիոտաժ են ստեղծել, թե բերքի վտանգ կա, այդպիսի բան չկա: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով գյուղատնտեսութան վրա եղանակային պայմանների հետևանքներին:

«Մենք այսօր ունենք մեկ վտանգ, դա աշնանացան ցորենի հետ կապված վտանգն է, որ դաշտերը չեն ծածկվել ձյան շերտով, որը կբերի նրան, որ կունենանք բերքի լուրջ կորուստ: Դա իրոք վտանգ է, առանց այդ էլ կառավարությունը ոչինչ չարեց, որ աշնանացան ցորենի սերմացուն ժամանակին գյուղացուն հասնի և ցորենի ցանքատարածությունը պակասեցնի»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանը խորհուրդ տվեց, որ ովքեր հեռու են գյուղատնտեսությունից, զբաղվեն իրենց բնագավառով: «Իրոք ունենք ոռոգման համակարգի ծանր վիճակ, քանի որ սարերին կուտակված ձյան քանակությունը դեռ բավարար չէ ջրամբարները ջրով ապահովելու համար, անցած տարի էլ գրեթե նույն վիճակն էր, բայց անցած տարի մարտ ամսին այնպիսի քանակությամբ անձրևներ ունեցանք, որ ջրամբարները լցվեցին: Այնպես որ, բնությունն ինչ-որ տեղ էլ կարգավորում է, չշտապենք, կգա ժամանակը, կտեսնենք»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանը կարևորեց, որ կարտոֆիլի ցանքատարածությունները վերջին հինգ տարիների ընթացքում մոտ 10 հազար հեկտարով՝ մեկ երրորդով պակասել են, և հիմա իրենք փորձում են նոր սորտեր գյուղացիներին հրամցնել:

«Որքան փողոցում քայլող կար, բերին գյուղատնտեսության մասնագետ դարձրին, առաջին հերթին դատարկագլուխներին պետք է դուրս շպրտեն և բերեն հմուտ բանիմաց մարդկանց»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրությանը, ապա Հրաչ Բերբերյանը նշեց, որ ապահովագրության համար պետք է ունենալ աշխատող հակակարկտային ծառայություն, որը չունենք, պետք է ունենալ լուրջ, կայացած ոռոգման համակարգ, որը նույնպես չունենք:

«Այդպես էլ բարեփոխումներ չարեցին: Գյուղատնտեսության 45 տոկոս ՀՆԱ-ից դարձել է 19 տոկոս»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը