Աշխարհ

10.01.2020 18:26


Վրաստանի ընդդիմությունը վերադառնում է մեծածավալ ակցիաներին

Վրաստանի ընդդիմությունը վերադառնում է մեծածավալ ակցիաներին

Մոտ 30 ընդդիմադիր կուսակցություններ պատրաստվում են բողոքի ակցիաների վերսկսմանը:

Ակցիաների անցկացման կոնկրետ օրերի մասին կհայտնեն հունվարի ընթացքում՝ ասել է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը նախորդ տարվա նոյեմբերից ակցիաներ են անցկացնում՝ այս տարվա աշնանը նշանակված խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը փոխելու պահանջով:

Վաշաձեն ասել է, որ շարունակվելու է նաև խորհրդարանի շենքի մուտքերի արգելափակումը: Ըստ նրա՝ ընդդիմությունը ներկայումս սպասում է մի շարք միջազգային կառույցների զեկույցներին, որոնք քննարկվում են փակ ռեժիմով:

Նախորդ տարվա դեկտեմբերին իշխող կուսակցությունն առաջին անգամ խոսեց զիջումների գնալու պատրաստակամության մասին՝ մասնավորապես քննարկել 150-ից 73 պատգամավորի ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով առաջադրվելու նպատակահարմարությունը:

Ընդդիմությունն առաջարկել է ընտրություն կազմակերպել այսպես կոչված գերմանական մոդելով, այս դեպքում մեծամասնական կարգը պահպանվում է, սակայն ոչ թե մեկ, այլ բազմամանդատանոց շրջաններում: Ընդ որում կուսակցությունն այնքան տեղ կստանա խորհրդարանում, որքան նրան հասնում է համամասնական կարգով: Իշխանություններն արդեն ասել են, որ սա հակասում է երկրի սահմանադրությանը, բայց այս թեմայով քննարկմանը մասնակցել են:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը