Լրահոս

25.02.2011 16:13


Սեմինար-քննարկում. «Արցախ. թագավորությունից մինչև Հանրապետություն»

Սեմինար-քննարկում.  «Արցախ. թագավորությունից մինչև Հանրապետություն»

Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպության դահլիճում` «Հայկական օրակարգով քաղաքացիական ժողով» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» վերտառությամբ սեմինար-քննարկում` նվիրված Արցախի պետականության պատմական ակունքներին, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման միջազգային իրավական հիմքերին:

Բացելով քննարկումը` ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 28-ին սկսված եւ Ադրբեջանում 2 տարի շարունակված ցեղասպանության արդյունքում եւս մեկ անգամ փաստվեց այն անհերքելի ճշմարտությունը, որ այդ երկրի հայ բնակչության` ներառյալ ԼՂԻՄ-ի մեծամասնությունը կազմող հայերի անվտանգությունը որեւէ կերպ չեն կարող ապահովված լինել Բաքվի գերիշխանության ներքո:

Քաղաքագիտության մագիստրոս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի օգնական Ստեփան Հասան-Ջալալյանն իր` «Պետականության ձեւավորումն ու զարգացումը Արցախում. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» զեկույցում նշեց, որ դեռեւս հին հայկական միասնական թագավորության կազմում Արցախն ունեցել է որոշակի ինքնուրույն պետականություն, որի ձեւերը հետագա դարերում փոխվել են` փոփոխված պայմաններին զուգընթաց: Սակայն բոլոր ժամանակներում, ըստ զեկուցողի, այդ հողի վրա կյանքը կազմակերպվել ու կարգավորվել է սեփական ազգային իշխանությունների կողմից: “Մեր ժամանակներում ձեւավորված Արցախի Հանրապետությունը երկրամասում պետականության ձեւավորման ու զարգացման պատմական երկարատեւ գործընթացի օբյեկտիվ արդյունք է` պետականություն, որը հիմնվում է դարավոր ավանդույթների ու մշակված իրավագիտակցության վրա` հանդիսանալով արցախահայության կենսունակության եւ զարգացման գլխավոր երաշխիքը”,-նշեց Հասան-Ջալալյանը: Զեկույցն ուղեկցվում էր վերջինիս հեղինակությամբ նկարահանված «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» ֆիլմի կադրերով:

Հաջորդ զեկուցողը «Հարությունյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ, Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի (Washington College of Law) մագիստրոս (LLM) Լեւոն Գեւորգյանն էր: «ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրի օրինականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ազդեցությունը ինքնորոշման իրավունքի վրա: Ի՞նչ է առաջարկում դատարանի եզրակացությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից». այսպես էր վերնագրված նրա զեկույցը, որում արծարծվեցին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ոլորտում միջազգային վերջին իրավական զարգացումներն ու դրանց հեռանկարները արցախյան հիմնահարցի համատեքստում: Բանախոսը մանրամասն ներկայացրեց «սեցեսիայի` որպես իրավական պաշտպանության միջոցի» նոր զարգացող տեսության առանձնահատկությունները, դրա կապը ինքնորոշման դասական իրավունքի հետ: Հատուկ ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի` «Կոսովոյի անկախության հռչակագրի համապատասխանությունը միջազգային իրավունքին» խորհրդատվական եզրակացության եւ դրա իրավական արժեքի վրա: Միաժամանակ ներկայացվեցին պետական նոր կազմավորումների ճանաչմանն առնչվող միջազգային իրավական հարցերը, ճանաչման օրինականությունը եւ դրա հնարավոր հետեւանքները:

Երրորդ բանախոսը` միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանն «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի քննադատական վերլուծություն» վերտառությամբ իր զեկույցում գլխավորապես անդրադարձավ ԽՍՀՄ օրենսդրությանն ու անկախ պետության չափորոշիչներին ԼՂՀ-ի հռչակման համապատասխանության թեզերին` ներկայացնելով նաեւ ԼՂՀ-ի ձեւավորման վերաբերյալ Ադրբեջանում գոյություն ունեցող քաղաքական-իրավական հայեցակարգերը, մասնավորապես` Հայաստանի կողմից իբր իրագործված ագրեսիայի եւ օկուպացիայի պնդումների համատեքստում: Ուշադրություն հրավիրվեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի որդեգրած հայեցակարգի, մարդու իրավունքների հարգման, հակամարտության կարգավորման համար ուժի եւ դրա կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքների անտեսման, ինչպեսեւ հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» քայքայիչ ներուժի վրա: Վերջում Ա.Ղուկասյանն առաջարկեց կարգավորման այլընտրանքային տարբերակի իր տեսլականը:

Հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, որի ընթացքում իրենց տեսակետները հայտնեցին «Ուխտ Արարատի» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Փաշաբեզյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, արեւելագետ Արեգ Բայանդուրը, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը, քաղաքագետ Արման Սահակյանը եւ այլոք:

Վերջում ներկաներին բաժանվեցին «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» եւ «Արցախ-Խաչենի իշխանաց իշխանը. Հասան-Ջալալ-Դոլա» ֆիլմերը պարունակող DVD-տեսասկավառակներ:

Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը