Լրահոս

25.02.2011 13:27


Վահրամ Պետրոսյան. «Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում զգացմունքներն ակամայից վիրավորել եմ»

2010թ.փետրվարի 16-ին տեղի ունեցած երգահաններ Սասուն Պասկևիչի եւ Վահրամ Պետրոսյանի մամուլի ասուլիսի ընթացքում վերջինիս հնչեցրած որոշ տեսակետներ դարձան քննարկումների առարկա: Այդ կապակցությամբ Վահրամ Պետրոսյանը տվեց հետեւյալ պարզաբանումը, որը խնդրում է ներկայացնել հանրությանն առանց խմբագրական միջամտության. «Առաջին հերթին ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում զգացմունքներն ակամայից վիրավորել եմ: Ասուլիսի ընթացքում բացառապես քննարկվում էին երաժշտարվեստի խնդիրները, որի քաղաքականացումն անընդունելի է: Շատ եմ ցավում, որ անբարեխիղճ մոնտաժի արդյունքում իմ անունը շրջանառվեց հարևան երկրի հակահայկան քարոզչության մեջ, իսկ մեզ մոտ դարձավ հրապարակային զանազան մեղադրանքների թիրախ:

Հասկանում եմ, որ որոշ անզգույշ արտահայտություններ ցավ են պատճառել բազմաթիվ մարդկանց, որոնց թվում են նաև Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը վերապրած մարդիկ: Այս հայտարարությամբ ես հատուկ հայցում եմ նրանց ներողամտությունը: Հասկանում եմ, որ իմ որոշ արտահայտություններ տեղի չէին հատկապես այս օրերին, երբ մենք ոգեկոչում ենք Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակը: Ես բարեխղճորեն կատարել եմ իմ պարտքը եւ ծառայել հայոց բանակում: Վստահեցնում եմ բոլորին, եթե անհրաժեշտությունը լինի, ես առաջիններից մեկը կամավոր կմեկնեմ մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու: Սրանով խնդրում եմ թեման համարել սպառված եւ դադարեցնել այդ պատուհաս դարձած ասուլիսի շուրջ քննարկումները»:

Այս խորագրի վերջին նյութերը