Քաղաքական

31.12.2019 09:15


Ադրբեջանի թեզերը չեն նպաստում խաղաղ գործընթացին. ԱԳՆ խոսնակը՝ Բաքվի հայտարարությունների մասին

Ադրբեջանի թեզերը չեն նպաստում խաղաղ գործընթացին. ԱԳՆ խոսնակը՝ Բաքվի հայտարարությունների մասին

Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները այն մասին, թե ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ են Հայաստանից եկող իբր հակասական հայտարարությունները:

Աննա Նաղդալյանի պատասխանները News.am լրատվական կայքի հարցերին.

-Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ունեցած իր հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: Գրեթե նմանաբովանդակ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Գուցե այդ թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին և ուստի որևէ արժեք չունեն:

-Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Արցախում դատապարտված Դիհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին՝ նշելով, որ վերջիններիս կողմից հարազատների գերեզման այցելությունը չի կարող հանցագործություն համարվել:

Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը: Դա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ: Կցանկանայի վերստին հիշատակել, որ Ադրբեջանի նախագահն անչափահասին սպանած մարդկանց համեմատել է Ռամիլ Սաֆարովի հետ: Կարծում ենք՝ այդ համեմատությամբ ամեն ինչ ասված է:

Այս խորագրի վերջին նյութերը