Աշխարհ

30.12.2019 15:30


«Չնայած որ այս տարի ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում հստակ առաջընթաց չկա, դրանք փակուղի չեն մտել». Մամեդյարով

«Չնայած որ այս տարի ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում հստակ առաջընթաց չկա, դրանք փակուղի չեն մտել». Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը տարին ամփոփող հարցազրույց է տվել ադրբեջանական ԶԼՄ-ներին, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության թեմային:

Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, նշել է, որ չնայած այս տարի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում հստակ առաջընթաց չի նկատվել, բայց չի կարելի ասել, որ դրանք «փակուղի են մտել», փոխանցում է Minval.az կայքը:

«Բազմաթիվ հանդիպումները և հստակ նախաձեռնությունները, որոնք առաջ են քաշվել այս տարվա ընթացքում, ցույց են տալիս բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: Մենք միշտ հայտարարել ենք, որ քանի դեռ հնարավորություն կա խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով լուծելու հակամարտությունը, մենք կօգտագործենք այդ հնարավորությունը: Իհարկե, դրա նպատակն այն է, որ առարկայական բանակցությունների միջոցով առաջ տանենք գործընթացը»,-նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը նշել է նաև, որ Հայաստանի կողմից բարձրացվող անվտանգության և կարգավիճակի մասին հարցերը պետք է լուծվեն կարգավորման գործընթացի շրջանակում ԵԱՀԿ-ի համապատասխան որոշումների համաձայն, ինչպես նաև համաձայն ՄԱԿ-ի բանաձևերի, որոնք վաղեմության ժամկետ չունեն: Արտգործնախարարը նշել է նաև, որ հնարավոր չի համարում քննարկել կարգավիճակի հարցն առանց Ղարաբաղի ադրբեջանական բնակչության վերադարձի:

Նա նշել է նաև, որ եթե անգամ հակամարտությունը կրկին բռնկվի, բանակցությունները հետագայում նորից կշարունակվեն, որովհետև «չի լինում ո՛չ հավերժական պատերազմ, ո՛չ հավերժական բանակցություններ»: Նրա խոսքով` իրենք բանակցություններ են վարում «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատելու համար»:

Մամեդյարովը նշել է նաև, որ «Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով» երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, այդ իսկ պատճառով բանակցությունները վարվում են միջնորդ երկրների միջոցով:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը