Քաղաքական

27.12.2019 20:28


Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործով

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործով

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են դատական իշխանությանն առնչվող այն բոլոր հարցերը, որոնք կապված են կա՛մ կոնկրետ հարցերով մարդու իրավունքների խնդիրների կա՛մ մարդու իրավունքների համակարգի հետ, առհասարակ:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության, նրան առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերը: Պաշտպանի ուշադրության ներքո են նաև այն հարցերը, որոնք կապված են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի հետ և այս պահին ունեն արդիականություն:

Հաշվի առնելով, որ հարցն ունի հանրային նշանակություն՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ մի շարք հարցերի՝

1. Հատուկ քննչական ծառայությունում իրականացվող քրեական գործով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ ընտրած խափանման միջոցի, այդ վարույթով նրա իրավունքների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Նախաձեռնված քննարկման ընթացքում հաշվի կառնվեն Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների պնդումները, ինչպես նաև մինչ այս պահը Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության հրապարակային հայտարարությունները: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ ուսումնասիրության առարկա կլինի նաև Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության և նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ կապված հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի Գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայությանը: Անմիջական կապ կպահպանվի Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների հետ:

2. Հրայր Թովմասյանին հարցաքննության ենթարկելու ու նրան մեղադրանք առաջադրելու գործողություններն անմիջապես հաջորդել են երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն: Ըստ այդմ, սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդադառնալ սրա հետ կապված հարցին ևս:

Այդ օրենքը նախատեսում է մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը վաղ կենսաթոշակի անցման կարգավորումներ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իրենց պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորների համար: Օրենքը հրաժարական ներկայացրած այդպիսի դատավորների համար նախատեսում է մինչեւ իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակ ստանալու հնարավորություն: Ընդ որում, ժամկետ է սահմանվել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:

Այսպիսի կարգավորմամբ օրենք մեր երկրում գործում է առաջին անգամ: Այդ կարգավորումն ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանի անկախությանն ու դատավորների կարգավիճակին: Այս մասին նշել է նաև Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) այդ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքում:

Վաղ կենսաթոշակին առնչվող կարգավորումների գործադրումը պետք է լինի բացառապես կամովին՝ առանց որևէ տեսակի ճնշման կամ անգամ նման ռիսկի:

Ցանկացած գործընթաց պետք է ընթանա հենց այս սկզբունքին խիստ համապատասխան:

3. Վերը շարադրվածը և այն, որ քրեական հետապնդումն իրականացվում է հենց այս օրենքի գործողության ընթացքում, քրեական գործի քննության առնչությամբ քրեական հետապպնդման մարմինների համար առաջ է բերում իրավական առավել մեծ բեռ՝ բացառելու համար որևէ ճնշում կամ անգամ այդպիսի ընկալման հնարավորություն Սահմանադրական դատարանի կամ դատարանի դատավորների նկատմամբ՝ քրեական գործի քննության ընթացքում ապահովելով առավելագույն թափանցիկություն և որևէ տեսակի ճնշման իսպառ բացակայության հանրային ընկալում:

4. Այս բոլոր հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը