Լրահոս

24.02.2011 16:57


ԼՂՀ արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Կանադայում

ԼՂՀ արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Կանադայում

Հայ դատի հանձնախմբի հրավերով յոթօրյա այցով Կանադայում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական և կուսակցական շրջանակների ներկայացուցիչների հետ: Փետրվարի 18-ին և 20-ին, Գ.Պետրոսյանը որպես գլխավոր բանախոս ելույթ է ունեցել Տորոնտոյում և Մոնրեալում արցախյան շարժման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիպումների ժամանակ: Ելույթի ընթացքում ԱԳ նախարարը շեշտել է Հայաստան-Արցախ-Սփյուռք ազգային ուժերի համատեղման անհրաժեշտությունը` ԼՂՀ հիմնահարցը բարեհաջող ավարտի հասցնելու առաքելության մեջ:

Տորոնտոյում Գեորգի Պետրոսյանը հանդիպում է ունեցել հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, Ռամկավար ազատական կուսակցության/ՌԱԿ/ և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության/ՍԴՀԿ/ ներկայացուցիչների, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների վերջին զարգացումներին:

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև Կանադայի Պահպանողական կուսակցության անդամ և Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբակցության նախագահ Հարոլդ Ալբրեխտի, Ազատական կուսակցության նախկին ղեկավար Ստեֆան Դիոնի, Պահպանողական կուսակցության անդամ Փոլ Գալանտրայի և «Բլոք Քվեբեքուայ» /Bloc Quebecois/ կուսակցության ղեկավար Ժիլ Դյուսեփի հետ: Կանադայի վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ Գ.Պետրոսյանը անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին` միջազգային ասպարեզում տիրող քաղաքական վերջին իրադարձությունների լույսի ներքո: ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձ է կատարել նաև վերջին տարիներին Ադրբեջանի աննախադեպ սպառազինման երևույթի վրա` շեշտելով, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ քաղաքական ներկա իրավիճակի վրա և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Գ.Պետրոսյանը հաստատել է նաև, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը սաստկացրել է հակահայկական քարոզչությունը, հատկապես` տեղեկատվական ոլորտում:

Հարավային Օնտարիոյի Քեմբրիջ քաղաքի քաղաքապետ Դագ Քրեյգի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է Ստեփանակերտն ու Քեմբրիջը քույր քաղաքներ հռչակելու հնարավորության հարցը:

Հանդիպումների ընթացքում նախարար Պետրոսյանին ուղեկցում էին Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

Փետրվարի 24-ին ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Կանադայից կմեկնի Միացյալ Նահանգներ:

Այս խորագրի վերջին նյութերը