Տնտեսական

25.12.2019 18:00


Տրանսպորտային նոր ցանցի վարկի գումարը տատանվում է, կարող է լինել 120 մլն, 150 միլիոն կամ 250 միլիոն. քաղաքապետ

Տրանսպորտային նոր ցանցի վարկի գումարը տատանվում է, կարող է լինել 120 մլն, 150 միլիոն կամ 250 միլիոն. քաղաքապետ

Կառավարության հետ եկել ենք համաձայնության, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրումն արվելու է վարկի միջոցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ գումարը բավականին մեծ է, համայնքն այդքան գումար չունի, պետությունը պետք է օգնի համայնքին, իսկ քննարկումները եղել են այն մասին, թե ինչ ֆորմատով է լինելու, ինչ վարկ է լինելու, ինչ կերպով է վարկը տրամադրվելու, նաև թե ինչպես է գործելու ցանցը:

«Սրանք հարցեր են, որոնք շատ երկար մտորելու և քննարկելու տեղ ունեն, որովհետև թե՛ գումարներն են մեծ, թե՛ պատասխանատվություն է մեծ, և ի վերջո համակարգը պետք է ճիշտ աշխատի, միայն ավտոբուսներ գնելով չի։ Ամենահեշտն ավտոբուսը գնելն է, ամենադժվար պրոցեսը՝ թե ինչպես են այդ ավտոբուսներն աշխատելու, ինչ համակարգով է աշխատելու տոմսային համակարգը, գնային քաղաքականությունը: Շատ հարցեր կան, դրա համար երկար է տևում»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ համաշխարհային մեծության բանկերի հետ են քննարկում այս հարցը, իսկ տոկոսների մասին դեռ խոսել չի կարող: Քաղաքապետն ասաց, որ գումարի չափը տատանվում է, կարող է լինել 120 մլն, 150 միլիոն կամ 250 միլիոն:
Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը