Լրահոս

24.02.2011 14:09


ՀԱԿ–ը փորձելու է ակտիվացնել «խոհանոցային ընդդիմությանը»

ՀԱԿ–ը փորձելու է ակտիվացնել «խոհանոցային ընդդիմությանը»

«Հայացք» ակումբում ներքաղաքական զարգացումներից խոսելիս ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանն ասել է, թե նոր՝ որակապես տարբեր փուլ ենք մտնում, որի բնորոշիչները տարբեր են և ուղղակի համընկել են։ Դրանք են՝ ներքին սոցիալական լարվածության աճը, ներիշխանական զարգացումները, արտաքին տաք հոսանքները  և գարնան գալը։

Տխուր մի գործոն՝ մարտի 1–ի տարելիցն է, և մենք նշելու ենք այդ օրը որպես ըմբոստացման օր, ոչ թե լացի և նվնվոցի օր,–ասել է Ա. Մանուկյանը և հավելել, թե մարտի 1–ը լուրջ հարված էր մեր պետականությանը, ժողովրդավարությանը և ընդհանրապես երկրի ընթացքին։

Նա նշել է, թե վերոնշյալ հանգամանքներով էլ պայմանավորված է հասարակական ներկայիս աշխուժացումը։ Արամ Մանուկյանը խոստացել է, թե կանեն հնարավորը քաղաքական կյանքն աշխուժացնելու համար, կփորձեն համակարգել ժողովրդին և ամեն ինչ կանեն «խոհանոցային ընդդիմությանն» ակտիվացնելու համար։

Կփորձենք բերել նրանց հրապարակ, կանգնեցնել մեր կողքին,–ասել է նա և ընդգծել, թե խոհանոցային ընդդիմություն ասվածը հասարակության այն հատվածներն են, ովքեր դժգոհ են իրականացվող քաղաքականությունից, իշխանափոխություն են ուզում, սակայն պասիվ են։

Այդպիսի մարդիկ, նրա խոսքերով, կան թե՛ ՀՀԿ–ում, թե՛ ԲՀԿ–ում։ Այդ զանգվածը, ըստ նրա, կա՛մ սպասում է ուրիշի հաղթանակին, կա՛մ  իրեն այդ հաղթանակի մաս չի տեսնում։

Հայաստանում հատուկենտ շերտեր են մնացել, ովքեր դեռ կարծում են, որ այս իշխանությունները պետք է շարունակեն մնալ։ Սա է լինելու մեր մարտավարությունը, քանի որ մեր ռազմավարությունը չի փոխվել,–նշել է նա։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը