Տնտեսական

25.12.2019 12:54


Քաղաքապետարանը բարձրացրեց տեղական տուրքը

Քաղաքապետարանը բարձրացրեց տեղական տուրքը

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստում օրակարգային չորրորդ հարցով քննարկվում էր Երեւանում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին։

Քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը ներկայացրեց նախագիծը։ Ըստ նրա՝ շինարարության թույլտվության հիմնական շենքերի եւ շինությունների համար մինչեւ 300 քմ մակերես ունեցող բնակելի եւ մինչեւ 240 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական նշանակության շենք-շինությունների համար 2019-ին նախատեսված 75 հազար տուրքի փոխարեն նախատեսվել է 105 հազար դրամ․

«Մինչեւ 500 քմ մակերես ունեցող շենք-շինությունների համար կիրառվել է առավելագույն գործակիցը՝ տեղական տուրքը սահմանելով 210 հազար դրամ՝ 2019-ին սահմանված 150 հազար դրամի փոխարեն։ 500-ից մինչեւ 1000 քմ մակերես ունեցող շենք-շինությունների համար 2019-ի 250 հազար դրամի փոխարեն սահմանվել է 300 հազար դրամ։ Շենք-շինությունների բարեկարգման աշխատանքների համար նախատեսված 15 հազար դրամի փոխարեն նախատեսվել է 21 հազար դրամ։ Քանդման թույլտվության համար 25 հազարի փոխարեն նախատեսվում է սահմանվել է 35 հազար դրամ»։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց․ «Ուզում եմ քաղաքացիները հասկանան, որ այս տուրքերի բարձրացումը միտված է ամենացածր խավի վճարման բարձրացմանը»։

«Լույսի» ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ արդարացված չէ տեղական տուրքերը բարձրացնել․ «Պարոն Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում ասել է՝ բա արդար չէ,երբ մարդ 5-6 միլիարդ դրամի շինարարություն է անում, որտե՞ղ ա արդար, որ վճարի 75 հազար դրամ։Մինչեւ 300 քմ շինարարությունը ինչպե՞ս կարող է արժենալ 5-6 միլիարդ դրամ։ Մենք դեմ ենք, բայց դուք պետք է հիմնավորեք»։

Ավագանու անդամների մեծամասնության «կողմ» քվեարկությամբ նախագիծն ընդունվեց։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը