Լրահոս

25.12.2019 12:10


Դիլիջանում սպանվել է բանտից ազատված 32-ամյա քաղաքացին, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներ է ստացել (տեսանյութ)

Դիլիջանում սպանվել է բանտից ազատված 32-ամյա քաղաքացին, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներ է ստացել (տեսանյութ)

Երեկ՝ դեկտեմբերի 24–ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը եղել է դատապարտված և վերջերս էր ազատվել։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի 14 պարկուճ։

Այս պահին Տավուշի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 14 հատ պարկուճ, արնանման հետքեր։ Սպանության վայրից ևս 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սպանվածի ազգականն է՝ 23-ամյա Սուրեն Մանուչարյանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև BMW X6 մակնիշի 10 MM 444 համարանիշի և Kia Sorento մակնիշի 93 ՏM 003 համարանիշի ավտոմեքենաները։

BMW X6-ը պատկանել է սպանվածին, իսկ Kia Sorento-ն՝ վիրավորին։ Կրակոցների արդյունքում վնասվել է նաև նշված օբյեկտի դիմաց կայանված Jeep Grand Cherokee մակնիշի 35 MZ 259 համարանիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Էս կրակոցների ու սպանության մեղավորը, առաջին հերթին, էս մեր Տավուշի մարզի դատավորներն են։ Վերջին ժամանակներս ինչքան կրիմինալ կրակոցներ ու դեպքեր են լինում, սաղ մեղավոր են գտնում էս մեր մարզի դատավորների մեջ։ Էս սպանվածը 2013 թվականին մարդ էր սպանել, ու մենք վստահ ենք, որ չի բացառվում, որ սա վրեժխնդրություն՝ վենդետա լինի։ Հիմա մենք կողքից կանգնած՝ տեսնում ենք, թե ոնց են ոստիկանները, քննիչներն ու դատախազները դեպքի վայրում աշխատում։ Այ, հիմա կարեի էր էդ դատավորներին իրենց փափուկ անկողիններից հանել, բերել էստեղ ու ասել՝ դե վայելեք ձեր էփած բորշչը։ Ինչքա՞ն մարդ պետք է սպանվի, որ էս մեր Տավուշի մարզի որոշ դատավորներ շողուլի գան։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները լավ կանեն՝ էս մեր Տավուշի մարզի դատավորների՝ վերջին տարիներին կայացրած վճիռներով մի հատ ծառայողական քննություն անցկացնեն, ու վստահ ենք՝ ջրի երես դուրս կգան բազմաթիվ ոչ իրավաչափ կայացրած վճիռներ, որոնց հետևանքով անընդհատ զոհերի ու վիրավորների մասին լուրեր ենք ստանում»։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը