Տնտեսական

24.12.2019 18:08


Դուք Հայաստանը դարձնում եք տնտեսական գերեզման. Հրանտ Բագրատյանը՝ իշխանություններին (տեսանյութ)

Դուք Հայաստանը դարձնում եք տնտեսական գերեզման. Հրանտ Բագրատյանը՝ իշխանություններին (տեսանյութ)

Գնահատականս Կառավարության վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ հետևյալն է՝ կարող էր ավելի վատ լինել, բայց գալով 2020-2021 թթ., շանսեր չեմ տեսնում, որ աստիճանաբար կլավանա: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Անցյալ տարի հրապարակվել է 5 տոկոս տնտեսական աճ, այս տարի կհրապարակեն 6.5 կամ 7 տոկոս, այս տարվա թիվը նաև նկարչության պրոդուկտ է, որովհետև այն չափազանցված է շուրջ 2 անգամ»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ տնտեսության կառուցվածքում առաջատար երեք ճյուղերն են ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, ծառայության ոլորտը՝ խաղերը, մոտ 25-30 տոկոս աճով, երրորդը՝ հանքարդյունաբերությունն է՝ 18 տոկոս աճով:

«Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հռչակված տնտեսական քաղաքականության արդյունքում գերակշռող է դարձել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, խաղերը և հանքարդյունաբերությունը: Միայն խիստ երևակայության դեպքում դա կարելի է անվանել որևէ հաջողություն: Ներդրումները նույնպես արհեստական են, պետությունը ցույց է տալիս ներդրումների աճ, բայց դա սխալ հաշվարկ է»,-նշեց տնտեսագետը:

Նախկին վարչապետն անդրադառնալով սոցիալական ցուցանիշներին, ասաց, որ նախորդ տարի աշխատավարձերը բարձրացվել են 3.8 տոկոսով, նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 2.5 տոկոս գնաճ, իսկ այս տարի 5.9 տոկոսով է աշխատավարձը բարձրացել, 1.5 տոկոս էլ կազմել է գնաճ է. «Բայց այստեղ էլ հարց կա, կուտակայինը որ ներդրվել է, հաշվում են որպես եկամուտ: Օրինակ, որ ասում ենք այս տարի 5.9 տոկոս աշխատավարձի աճ է եղել, իրականում ոչ թե աշխատավարձն աճել է, այլ մենք կուտակայինն ինչ-որ փոխանցում ենք, որը ծախս է, հաշվում ենք որպես եկամուտ: Ստացվում է ոչ մի եկամուտ էլ չի աճել»:

Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի հիմնական ցուցանիշը, Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: Նրա տեղեկացմամբ՝ այս տարի անցյալ տարվա համեմատ կհավաքվի 200-220 մլրդ դրամ կամ 15 տոկոսով ավելի գումար:

«220 մլրդի 90 մլրդը տնտեսական աճի արդյունքում է, մոտ 75 մլրդ ստացվում է մեքենաների լրացուցիչ ներմուծումից: Այո, կա 60 մլրդ, որն ավելացել է հարկային վարչարարության հաշվին: Այսինքն, «հեղափոխական շունչը» արժեցել է ընդամենը 60-70 մլրդ դրամ ու կանգնել, մյուս տարի նման շարժում չունենք: Այսինքն, երբ ասում ենք աննախադեպ է երևույթը, այո, 2020 թ. 7 օրից կլինի, դա աննախադեպ երևույթ է: Մարդկության պատմության մեջ էլ երբեք չի լինի, որ 2019 թ.-ը լինի»,-նշեց նա:

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ տնտեսության զարգացման միակ ելքը դրամի կուրսը բարձրացնելն է: «Միակ ելքը, որ Կենտրոնական բանկն սկսի արագորեն գնել դոլար, աստիճանաբար բարձրացնի դրամի կուրսը, որ տնտեսությունն աշխատի: Այլապես փլվելու է, երբ դա եղավ, մի օրում տեղի կունենա կենսամակարդակի 2.5-3 անգամ անկում: Դուք դարձնում եք Հայաստանը տնտեսական գերեզման, եթե այսպիսի փոփոխություններ չեք անում: Ինչ կա (Կառավարության մտքում – Tert.am) ես նույնիսկ չգիտեմ: Լավագույն դեպքում մենք այս կառավարության քաղաքականության արդյունքում կունենանք միայն կորուստներ, իսկ վատագույն դեպքում այդ կորուստները կարող են էլ ավելի ահռելի դառնալ»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը