Տնտեսական

24.12.2019 17:53


Երևանն ավիացիոն հաբ դարձնելու առաջարկ կար Չինաստանից, բայց Կառավարությունում այն ներկայացնելիս անհասկացողության պատի հանդիպեցինք. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Երևանն ավիացիոն հաբ դարձնելու առաջարկ կար Չինաստանից, բայց Կառավարությունում այն ներկայացնելիս անհասկացողության պատի հանդիպեցինք. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հետ Երևանը ավիացիոն հաբ (անգլ. hub`օդանավակայան, որն օգտագործվում է ավիաընկերության կամ ավիաընկերությունների խմբի կողմից՝ որպես ուղևորների՝ մի ինքնաթիռից մյուսը վերանստեցման կետ - Tert.am) դարձնելու առաջարկ էինք ստացել Չինաստանից: Այն տարածաշրջանում դառնալու էր լիդեր, բայց որքան էլ փորձեցինք Կառավարությունում առաջ մղել գաղափարները, հանդիպեցինք անհասկացողության պատի:

Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, թե առաջարկը Կառավարությանը ներկայացրել են 2018 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում:

«Մենք ոչ միայն կառավարությունում չստացանք անհրաժեշտ աջակցությունը, այլև կար որոշակի խնդիր՝ թուրքական կողմը ագրեսիվ գործողությունների էր գնում, որպեսզի զրկեր այդ հնարավորությունից, բայց ավելի շատ առաջընթաց չարձանագրեցինք մեր պասիվության արդյունքում: Թուրքիան Ստամբուլով էր ուզում դառնալ ավիացիոն հաբ, Բաքուն՝ իր հերթին, Թբիլիսին՝ իր հերթին, բայց չինական կողմի նախընտրությունը, համենայն դեպս այն շրջանակների, որոնց հետ մենք գրագրություն ունեցանք Հրանտ Բագրատյանի շնորհիվ, նախընտրում էր Երևանը»,-նշեց Մինասյանը:

Նա նշեց նաև, թե սա չի վերաբերում միայն Չինաստանին, շատ այլ երկրների հետ համագործակցույան հնարավորություն ևս կա, պարզապես Չինաստանն այն լավագույն օրինակն էր, որ հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար:

Մինասյանի խոսքով՝ Երևանն ավիացիոն հաբ դարձնելը տնտեսապես էր ձեռնտու նաև չինական կողմի համար, որովհետև Հայաստանը, մասնավորապես, Զվարթնոց օդանավակայանն իր աշխարհագրական դիրքով ու տարածքով հրաշալի հնարավորություն էր դարձնում ավիացիոն հաբի ստեղծման համար:

Անդրադառնալով Հայաստանի ավիաշուկայում նոր լոուքոսթերների (օրինակ՝ Ryanair և Wizzair լոուքոսթերներ) մուտքին՝ Մինասյանն ասաց, թե հստակ գնահատական տալ չի կարող, քանի որ ավիացիոն քաղաքականության հստակ ռազմավարություն չկա:

«Չգիտենք՝ իրենք ի՞նչ են ուզում սրանով անել: Եթե ընդամենը այս իրավիճակով փորձում են ցույց տալ, որ իրենք «պուպուշ» երեխաներ են և կարողանում են շատ լավ լոուքոսթեր բերել, պետք է հասկանալ՝ դա հետագայում ի՞նչ կարժենա մեզ վրա, որովհետև այսօր շատ ծախսեր ուղղակի փակ վիճակում են, չգիտենք՝ ինչ է կատարվում, դա ապագան ցույց կտա»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը