Քաղաքական

24.12.2019 15:50


Ակնհայտ է՝ այսօր մարդկանց մոտ կա ընկալում, որ ՍԴ-ն կախված չէ իշխող քաղաքական ուժից, սա հետաքրքիր ձեռքբերում է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Ակնհայտ է՝ այսօր մարդկանց մոտ կա ընկալում, որ ՍԴ-ն կախված չէ իշխող քաղաքական ուժից, սա հետաքրքիր ձեռքբերում է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Գնահատելով 2019 թվականը իրավական տեսանկյունից՝ կարող ենք արձանագրել, որ անկախ քաղաքական կողմնորոշումներից, այսօր ակնհայտ է՝ մարդկանց մոտ կա ընկալում, որ Սահմանադրական դատարանը կախված չէ իշխող քաղաքական ուժից: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նախ նշեց, որ 2019 թվականը կբնութագրեր որպես օրակարգերի հակամարտության, իրավական օրակարգերի հակամարտության և իրավական լոզունգների և սկզբունքների փորձությունների տարի: «Տարիներ ի վեր այն մարդիկ, որ այսօր քաղաքական իշխանություն են, ասոցացվել են մի շարք գաղափարների՝ իրավունքի գերակայության, իրավական պետության տարբեր արժեքների հետ, և 2019 թվականը հենց այն տարին էր, որ պետք է տեսնեինք, թե դրանք իսկապես արժեքներ էին նրանց համար, թե ուղղակի լոզունգներ էին, որոնք ոչ թե խորքային նշանակություն ունեին, այլ քաղաքական ինչ-ինչ նպատակահարմարությունից ելնելով էին խոսում»,- ասաց նա:

Խոսելով իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ընդհանրապես դատաիրավական ոլորտի խնդիրների մասին՝ Ռուբեն Մելիքյանն անցող տարվա վերաբերյալ առաջինը դատական իշխանության և առհասարակ անկախ իշխանության համակարգի հանդեպ դրսևորած իշխանությունների վարքագիծը բնութագրեց: «Այս ոլորտում շատ բաներ կան, որ մեր աչքի առաջ են: Առաջինը 2019-ի մայիսի 20-ի դատարանների շենքերի արգելափակումն էր, որը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց: Ես դա բնական եմ համարում այս իշխանության դեպքում, որովհետև քաղաքական իշխանությունների կողմից չեն եղել ուղերձներ, թե իրենք պատկերացնում են դատական իշխանության իսկական դերը, որ այն արտաքաղաքական իշխանություն է»,- ասաց նա և նշեց, որ իշխանությունների տեսանկյունից շատ տրամաբանական էր, քանի որ նրանք, ինչպես վերահսկողություն սահմանեցին օրենսդիր իշխանության նկատմամբ, այդ ճանապարհով փորձ կատարվեց դատական իշխանության հարցերը լուծել:

«Ցավոք սրտի, այստեղ մեր իշխանությունը որոշակի հաջողություն, իսկ պետականությունը կորուստներ ունեցավ»,- ասաց նա և օրինակ բերեց ՀՀ երկրորդ նախագահի դատավարությունը, որը, ըստ նրա, կոպիտ խախտումներով է ուղեկցվում:

«Մենք ունենք ՍԴ շուրջ ստեղծված պատկերը. գնահատելով 2019 թվականն այս տեսանկյունից՝ կարող ենք արձանագրել, որ անկախ քաղաքական կողմնորոշումներից, այսօր ակնհայտ է՝ մարդկանց մոտ կա ընկալում, որ ՍԴ-ն կախված չէ իշխող քաղաքական ուժից: Անկախ իրականությունից, այդպիսի ընկալում մեր երկրում երբևէ չի եղել, սա հետաքրքրիր ձեռքբերում կարելի է համարել: Մեր Սահմանադրական դատարանի դատավորները ստացել են շանս այս անկախությունը կապիտալիզացնել՝ իսկապես մարդու իրավունքների զարգացմանն ուղված որոշումներ կայացնելուն: Ամենևին պատահական չէր, որ իշխող ուժի կողմից քայլեր կատարվեցին ՍԴ-ն նույնպես նվաճելու, բայց այդ քայլերը չհաջողվեցին»,- նշեց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը