Լրահոս

22.12.2019 18:34


Դատավոր Նելլի Բաղդասարյանը 1,5 մլն դրամով դատարանից ազատ արձակեց քրեական պատմություններով հայտնի «Լոճոյին»

Դատավոր Նելլի Բաղդասարյանը 1,5 մլն դրամով դատարանից ազատ արձակեց քրեական պատմություններով հայտնի «Լոճոյին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի առաջին տեղակալ Գառնիկ Մաթևոսյանն ու քննիչ Գևորգ Բալդրյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի քաղաքի Բուռնազյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 36-ամյա Ռաֆայել Փալանջյանի նկատմամբ, ով այս տարվա դեկտեմբերի 19-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ որպես կասկածյալ, ձերբակալվել էր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դեկտեմբերի 18-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի զենք կրելու-պահելու կասկածանքով, Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր ատրճանակ՝ 5 փամփուշտներով լիցքավորված: Նույն օրը՝ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի համար նա ձերբակալվում է և այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, Ռ. Փալանչյանին, ով հանցագործ աշխարհում հայտնի է «Լոճո» մականվամբ, 1 միլիոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կան հավաստի տեղեկություններ, որ «Լոճոն» բերման ենթարկվելուց մոտ 10-15 րոպե առաջ առաջ, նույն օրը եղել է Էրեբունի վարչական տարածքում՝ Երկաթուղայինների 4-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 43-ամյա Արեգ Սիմոնյանին ատրճանակի գործադրմամբ սպանած, «Սիցիլ» մականվամբ Արմեն Ս.-ի հետ:

Դատարանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Էս ո՞ւր ենք հասել, որ ապօրինի զենք-զինամթերք կրողին, ով մեկ այլ աղմկահարույց սպանության գործով կասկածյալի հետ է եղել, դատարանը կարող է փողով բաց թողնել»:

Այս խորագրի վերջին նյութերը