Լրահոս

23.02.2011 17:29


Իրավապաշտպան. «Գործող օրենքների մոտ 70 տոկոսը հակասության մեջ են ՀՀ Սահմանադրության հետ»»

Փետրվարի 23-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի պետա-իրավական հանձնաժողովի նիստը «Սահմանադրական դատարանի գործառույթները. ներկան և ապագան» թեմայով։

Նիստի բանախոս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը  ներկայացրեց Սահմանադրական դատարանի ներկա գործառույթները, համեմատելով այն 1995 թվականի Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների հետ, փաստելով, որ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել Սահմանադրական դատարան դատական ակտերով իրեն վերաբերվող վճիռները բեկանելու համար:

Եթե մինչև 2005 թվականը, ՀՀ Սահմանադրությամբ ընդունված էր օրենքի գերակայության սկզբունքը, ապա 2005 թվականին ընդունված Սահմանադրությամբ գերակայության սկզբունքը տրվում էր իրավունքին  համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության, որն ընդունել էր նաև Հայաստանի Հանրապետությունը:

Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ դատա-իրավական շատ նորմեր այսօր էլ չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և գործող օրենքների մոտ 70 տոկոսը հակասության մեջ են ՀՀ Սահմանադրության հետ, որն էլ պատճառ է հանդիսանում ՀՀ քաղաքացիների կողմից Սահմանադրական դատարան բազում դիմում-գանգատներ ներկայացնելուն:

2006 թվականից առ այսօր Սահմանադրական դատարանի կողմից 40 նորմ ճանաչվել է ոչ սահմանադրական և մոտ 100 քաղաքացու դիմում-գանգատ բավարարվել է:

Այսօր բավականին շատացել է քաղաքացիների կողմից Սահմանադրական դատարան դիմում-գանգատների քանակը, ուստի և Սահմանադրական դատարանը ավելի շատ գործեր է վարույթ ընթունում:

Համեմատելով Եվրամիության մի շարք երկրներում Սահմանադրական դատարանների գործառույթների հետ բանախոսը նշեց, որ քաղաքացիների կողմից Սահմանադրական դատարաններում վիճարկվում են նաև դատական ակտերի, օրենքների սահմանադրականությունը, ինչպես նաև  Սահմանադրական դատարաններ ընդունվում են դիմում-գանգատներ հասարակական կազմակերպությունների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը