Տնտեսական

20.12.2019 11:55


Կապիտալ ծախսերի թերակատարումը իշխանության բացթողումների հետևանք է.«Փաստ»

Կապիտալ ծախսերի թերակատարումը իշխանության բացթողումների հետևանք է.«Փաստ»

«Այս օրերին տնտեսությանը վերաբերող ցուցանիշները բուռն քննարկումների առարկա են դարձել, որոնք հիմնականում կապված են այս տարվա արդյունքների և 2020 թվականի բյուջեի հետ:

Իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ համոզված են, որ տնտեսական հեղափոխությունը շարունակվում է և թափ է հավաքում, իսկ բազմաթիվ մասնագետներ և փորձագետներ կարծում են, որ տնտեսության մեջ շեշտակի դրական զարգացումներ չկան:

Սակայն որոշակի տնտեսական խնդիրներ կան, որոնց առումով իշխանությունները ստիպված են ընդունել իրենց բացթողումները, սակայն նրանք փորձում են ինչ-որ արդարացումներ բերել դրանց հետ կապված: Խոսքը մասնավորապես վերաբերում է կապիտալ ծախսերի թերակատարմանը:

Ինչպես նշում են բազմաթիվ տնտեսագետներ, բյուջեով նախատեսված ծախսերի իրականացումը տնտեսական աճի հիմքեր է ստեղծում, իսկ երբ այդ ծախսերը չեն կատարվում, այսինքն՝ թերակատարվում են, ապա դա բացասական ազդեցություն է ունենում երկրի տնտեսական աճի վրա:

Ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալներով՝ Հայաստանի պետական բյուջեի տարեկան ճշտված ծրագրի համաձայն, ծախսերը այս տարի պետք է կազմեին մոտ 1 տրլն 733 մլրդ դրամ, իսկ միայն ինն ամիսներին՝ մոտ 1 տրլն 276 մլրդ դրամ։

Սակայն, փաստացի, այս ամիսներին ծախսվել է 1 տրլն 53 մլրդ դրամը։ Այդպիսով, բյուջեի ծախսերի ինն ամսվա ծրագիրը կատարվել է 82,5%-ով, այսինքն՝ նախատեսվածից մոտ 223 մլրդ դրամի ծախս չի կատարվել։

Ընդ որում, այս տարի թերակատարվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ ծախսերը։

Ընթացիկ ծախսերը 10,1%-ով են թերակատարվել, իսկ կապիտալ ծախսերի թերակատարման ցուցանիշն ավելի մեծ է և կազմում է շուրջ 60 %, և եթե այսպիսի ահռելի քանակությամբ թերակատարված գումարները ներդրվեին տնտեսության մեջ, ապա հնարավոր կլիներ հավելյալ տնտեսական աճ ապահովել:

Կապիտալ ծախսերի թերակատարման հարցը, ինչպես տեսնում ենք, լուրջ է, դրա համար էլ նշված խնդրի կապակցությամբ պարզաբանմամբ է հանդես եկել անձամբ վարչապետը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ.

«Եթե նախկինում ենթադրաբար, այսպես կոչված, ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էին, այսօր դա իրողություն չի կարելի համարել:

Ես չեմ բացառում, որ այդպիսի երևույթներ կլինեն, բայց դրանց մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ որևէ պահի իրենց հետևից գալու են»:

Փաստորեն ստացվում է, որ կառավարությունը կապիտալ ծախսերի իրականացման հարցում լուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, դրա համար էլ այդ գումարները չեն ծախսվում:

Բայց հարցն այն է, թե ինչո՞ւ կառավարությանը մեկուկես տարի շարունակ չի հաջողվում վերացնել կոռուպցիոն ռիսկերը, չէ՞ որ հենց Փաշինյանն էր հայտարարում, թե կոռուպցիան Հայաստանից արմատախիլ ենք անելու (սկզբից ասում էր՝ արդեն արել ենք):

Եթե կառավարությունը գործուն քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ, ապա հնարավոր կլիներ խուսափել կապիտալ ծախսերի թերակատարումից, տնտեսությունն էլ հավելաճ կունենար, ու կառավարությունն էլ հնարավորություն կստանար այն ներկայացնել որպես իր աշխատանքի արդյունք:

Բայց, ինչպես երևում է, կառավարությունը այս ուղղությամբ առանձնահատուկ ջանքեր չի գործադրել, և պատահական չէ, որ տեսակետներ կան, թե կապիտալ ծախսերը թերակատարվում են որակյալ մասնագետների բացակայության պատճառով, որոնք պետք է կազմակերպեն վարկային ծրագրերի շրջանակներում կատարվող գնումները ու մյուս գործընթացները։

Իսկ ո՞վ պետք է որակյալ մասնագետների ներգրավման հարցը լուծեր, իհարկե վարչապետը, քանի որ ինքը ժողովրդի առաջ ուղղակիորեն պատասխանատվություն է կրում, այսպես ասած, տնտեսական հեղափոխության իրականացման համար:

Կարծիքներ կան նաև, որ 2019 թ. բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի թերակատարման պատճառներից մեկն այն է, որ դաշտում հին խաղացողներն անցնում են տարբեր քրեական գործերով, բայց զարմանալի է, որ այս ընթացքում նոր սուբյեկտներ ի հայտ չեն եկել, որոնք կկարողանային պետական գնումների պայմանները բավարարել:

Այս հարցով ևս կառավարությունը հետևություններ անելու տեղ ունի, և հաջորդ տարի հնարավորություն կա ուղղելու ընթացիկ բացթողումները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը