Լրահոս

23.02.2011 17:25


Առափիում ստորգետնյա հոսող ջրերի պատճառով մոտակա սարը շարժվում է դեպի տները

Առափիում ստորգետնյա հոսող ջրերի պատճառով մոտակա սարը շարժվում է դեպի տները

Շիրակի մարզի Առափի համայնքում սողանքային գոտին վերջին օրերին դարձյալ ակտիվացել է: Ստորգետնյա հոսող ջրերի պատճառով մոտակա սարը շարժվում է դեպի տները, գյուղացիների բնակարաններն ամեն օր ավելի վթարային են դառնում, իսկ բնակիչները անելանելի վիճակում են հայտնվել:

–Առափի համայնքի 10 ընտանիքներ անհապաղ տարհանման կարիք ունեն, քանի որ բնակարաններն արդեն 4-րդ աստիճանի վթարայնության են, ու դրանք լուրջ վտանգ են ներկայացնում բնակիչների կյանքի համար,-ասել է Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից սողանքների ակտիվացման հետ կապված՝ այցելել են Առափի, ուսումնասիրել են սողանքային գոտին և հեռացել են:

–Գյուղում ահավոր վիճակ է, ժողովուրդը վախենալով է քնում: Մի օր էլ քնած տեղը սարերը կգան վրաները, կմնան տակը: Գերեզմաններ փորելու հարց էլ չի բացվի: Արտակարգ իրավիճակներից եկան, նայեցին ու գնացին: Մի բան էլ մեզ ասացին, թե որ բան եղավ, մեզ խաբար կանեք: Մինչև մարդիկ չզոհվեն, տեր չեն լինի,-ասել է գյուղի բնակիչ Հարություն Կիրակոսյանը:

Նշենք, որ դեռ 2010թ. գարնանը Առափի էր այցելել ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և հավաստիացրել, թե այս անգամ խնդրին լուծում անպայման կգտնեն: Սակայն մոտ մեկ տարի է անցել, իսկ Առափիում ոչինչ չի փոխվել: Հովհաննես Մարգարյանն էլ այս կողմերում այլևս չի երևացել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը