Հարցազրույց

23.02.2011 16:44


Նանա Հերունի

Նանա Հերունի

Հարցազրույց «Տանժեռ» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեն Նանա Հերունու հետ

2009թ. հետո, այսինքն՝ համաշխարհային ճգնաժամի ժամանակահատվածում, աշխատանքի տեղավորման գործակալություն դիմողների քանակը պակասե՞լ է, թե՞ ավելացել։

–Եթե համեմատենք, 2010թ. 2009–ի համեմատ մի քիչ ավելացել է՝ մոտ 20%–ով։ Դժվարանում եմ ասել, թե դա հատկապես ինչո՞վ է պայմանավորված։ Թվում էր, թե ճգնաժամի տարիներին մարդկանց կրճատում են, պետք է որ իրենք ավելի շատ գային, բայց այդպես չէր։

Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ աշխատանքից կրճատված մարդիկ ոչ թե դիմել են աշխատանքի տեղավորման գործակալություն՝ աշխատանք գտնելու, այլ պարզապես նախընտրել են Հայաստանից հեռանալ։

–Հայաստանից անընդհատ են հեռանում՝ ով հնարավորություն ունի։ Մենք 11–րդ տարին է, աշխատում ենք այս շուկայում, և հիմնականում լավ մասնագետները շատ են լքում Հայաստանը։ Չեմ կարող ասել՝ քչացե՞լ, թե՞ շատացել է այդ հոսքը, բայց դա միշտ էլ կա։ Կարող եմ ասել, որ վերջին տարիներին հետաքրքրություն է առաջացել, մեզ նամակներ են գրում մեր հայրենակիցները, ովքեր արդեն երկար տարիներ Հայաստանից դուրս են ապրում և աշխատում։ Նրանք ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան՝ ինչ–ինչ պատճառներով, և հետաքրքրվում են, թե ի՞նչ աշխատանք իրենք այստեղ կարող են գտնել։

Եվ, ի վերջո, գոհացնող աշխատանք գտնո՞ւմ են, վերադառնո՞ւմ են, թե՞ ոչ։

–Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։ Շատերն ունեն տարիքով ծնողներ, որոնց կողքին պետք է լինեն, դրա համար են վերադառնում։ Այդ հոսքն ավելին կլիներ դեպի Հայաստան, եթե մի քիչ տնտեսական, բիզնեսի ծավալման պետական պայմաններն ավելի բարելավված լինեին։ Այս դեպքում վերադառնալ ցանկացողների թիվը շատ–շատ կլիներ։ Տնտեսական պայմաններից ելնելով՝ չեն գալիս։ Վերադառնալու ցանկությունը կա, բայց այստեղ հնարավոր չէ նույն պայմաններն ունենալ, ինչ որ արտասահմանում։

Ձեզ հիմնականում ի՞նչ մասնագետներ են դիմում և ի՞նչ աշխատանք են փնտրում։

–Մենք հիմնականում աշխատում ենք արտասահմանյան կազմակերպությունների հետ։ Մեր ուղղվածությունն է` բարձր և միջին օղակների ղեկավարների տրամադրումը։ Իհարկե, ծառայություն ենք մատուցում նաև հայկական կազմակերպություններին։ Մենք չենք զբաղվում սպասարկման ոլորտով, օրինակ՝ մատուցող, տաքսի ծառայություններ և այլն։ Այս կարգի աշխատանքներ չենք տրամադրում։ Հետևաբար մենք շահագրգռված ենք մեր բազայում ունենալ գործունյա մարդկանց։ Մեզ մոտ գրանցվածների 80%–ը մարդիկ են, ովքեր ունեն աշխատանք, ուզում են լավից լավը։ Հիմնականում դիմում են հաշվապահի, իրավաբանի, ղեկավար պաշտոնների համար։ Շատ է պահանջը՝ կապված շուկայի, վաճառքի մասնագիտությունների հետ՝ մենեջերներ, սուպերվայզերներ, նաև IT ոլորտի մասնագետներ, օֆիսային աշխատանքներ և այլն։

Իսկ կա՞ն համապատասխան մասնագետներ։

–Հիմնականում կան։ IT ոլորտում է դժվար, որովհետև հիմնականում բոլոր լավ մասնագետները դուրս են գնացել կամ ունեն լավ աշխատանք։ Լինում է՝ այդ հաստիքները չենք կարողանում ամիսներ շարունակ համալրել։ Դեղագործ, դեղագետներ են անընդհատ պահանջվում, որ էլի քիչ են։ Սխալ տպավորություն է, թե աշխատանք չկա։ Աշխատանքներ շատ կան, լավ մասնագետներ չկան, և եթե իր գործում ցանկացած մասնագետ լավն է, շատ արագ իր համար աշխատանք կգտնի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը