Տնտեսական

23.02.2011 15:39


2011 թվականի հունվար ամսվա ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2011 թվականի հունվար ամսվա ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2011 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են 57.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 36.9 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 31.4%-ով և 17.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի հաստատած ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 6.9%-ով, ծախսերի գծով` 4%-ով:

Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.6%-ով կամ շուրջ 6 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 12.9% (6.1 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2.3%‑ով, իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:

Պետական բյուջեի եկամուտների 92.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 7.1%-ը` այլ եկամուտների հաշվին: <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 1 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 41.7%-ը:

2011 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 44.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 31.9%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.7%-ով կամ 4.3 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճի վրա զգալի ազդեցություն է գործել ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտահարկի և ռոյալթիի մուտքերի աճը:

2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 36.9 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 17.7%-ը: Մասնավորապես` շուրջ 35.2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 1.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու տարում 362 մլն դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 14.2%-ը, որոնք ներառվել են պետական բյուջեի ծախսերում` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերը նվազել են 4.4%‑ով կամ 1.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների և պետական հատվածի այլ մակարդակներին հատկացվող դրամաշնորհների գծով ծախսերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու տարում կազմել են 2.6 մլրդ դրամ` 18.4%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 1.4%-ով կամ 476.8 մլն դրամով` հիմնականում պայմանավորված կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձի գծով ծախսերի, ինչպես նաև այլ ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերից 2.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 51.2 մլն դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 16.1%-ը և 4.5%-ը: Նախորդ տարվա հունվարի համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 24.4%-ով և 86.1%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 340.6 մլն դրամ, որը 27.6%-ով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու տարում 1.8 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 21.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 1.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 367.7 մլն դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2011 թվականի հունվարին պետական պարտքի սպասարկման ծախսերը 3.4%-ով զիջել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի նվազման հաշվին:

2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 20.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 26.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ներքին աղբյուրների գծով հավելուրդը կազմել է շուրջ 16.9 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` 3.3 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը