Տնտեսական

18.12.2019 10:41


Իշխանությունը հայտարարում է, թե փողի խնդիր չկա, սակայն գնում է վարկեր վերցնելու ճանապարհով․ «Փաստ»

Իշխանությունը հայտարարում է, թե փողի խնդիր չկա, սակայն գնում է վարկեր վերցնելու ճանապարհով․ «Փաստ»

«Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակում է երկրի բնակչությանը համոզել, թե տնտեսությունը զարգանում է հեղափոխական տեմպերով, սակայն քաղաքացիներին օրեցօր տեսանելի է դառնում, որ դրանք միայն հայտարարություններ են, և չնայած որոշակի դինամիկային՝ տնտեսության մեջ կտրուկ դրական փոփոխություններ չկան:

Թերևս չի օգտագործվում այն ամբողջ ներուժը, որ ունի տնտեսությունը արդյունքներ ապահովելու տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, կապիտալ ծախսերի թերակատարման մասին է:

Իսկ սա նշանակում է, որ կառավարությունն ունի ֆինանսական միջոցներ, որոնք չեն ծախսվել, սակայն դա չի խանգարում իշխանությանը գնալ նոր պարտք վերցնելու ճանապարհով: Այսպես, մինչև տարեվերջ կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել։

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի՝ այդ չափով վարկային պարտավորությունը պետությունը ստանձնում է բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար:

Դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում վավերացվեց միանգամից 4 վարկային համաձայնագիր, որոնցով Հայաստանը ստանալու է հետևյալ վարկերը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ 45,8 մլն եվրո, Վերականգնման վարկերի բանկից (KfW)՝ 40 մլն եվրո, Ասիական զարգացման բանկից՝ 9,1 մլն եվրո և 36,5 մլն եվրո:

Հարց է առաջ գալիս, եթե Փաշինյանը հայտարարում է, թե կառավարությունը գումարների խնդիր չունի, ապա ինչո՞ւ է այդպիսի մեծ չափով վարկային պարտավորություն ստանձնում:

Հենց սա է պատճառը, որ քաղաքացիների շրջանում կասկածներ են առաջանում, թե իրականում այնպես չէ, որ կառավարությունը ֆինանսների խնդիր չունի, այլ այդպես է ներկայացվում, որպեսզի հնարավոր լինի քարոզչության միջոցով որոշ ժամանակով կանխել բնակչության հիասթափությունը:

Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, վարկային համաձայնագրերի վավերացման ժամանակ բազմիցս քննադատել է ժամանակի իշխանություններին՝ պետության վրա հավելյալ ֆինանսական բեռ կուտակելու հետ կապված, սակայն այսօր նույն Փաշինյանը խոշորածավալ վարկեր վերցնելու մեջ ոչ մի խնդիր չի տեսնում:

Կառավարությունը թերևս նաև հաշվի չի առնում, որ տարեցտարի ավելանում են բյուջեից պետական պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարները, որն իրոք լուրջ բեռ է դառնում պետության համար:

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ներկայումս Հայաստանը ստիպված է պարտքի տոկոսները մարելուն ավելի շատ գումար հատկացնել, քան առողջապահության ոլորտին, կրթությանն ու բազմաթիվ այլ ոլորտների։

Իսկ ինչպես բոլորս տեսնում ենք, նշված ոլորտներին հատկացվող գումարները լիովին անբավարար են: Այս տարվա հոկտեմբերին պետական պարտքի չափն արդեն հատեց 7 մլրդ դոլարի սահմանաչափը, և նախատեսվում է, որ 2020 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի արդեն 7,3 միլիարդ դոլար, եթե, իհարկե, կառավարությունը չգնա նոր վարկեր ներգրավելու ճանապարհով:

Լուրջ խնդիր է ստացված վարկային միջոցները նպատակային և թիրախավորված օգտագործելու հարցը՝ հատկապես այն պարագայում, երբ պարզվում է, որ այսօրվա իշխանությունների պաշտոնավարման ընթացքում էլ կոռուպցիոն ռիսկերը շարունակում են բարձր մնալ:

Բացի այդ, վարկային միջոցները պետք է օգտագործվեն այնպիսի ոլորտներում, որ հնարավոր լինի ստանալ մուլտիպլիկատիվ էֆեկտ, այլ ոչ թե այդ գումարները ծախսվեն կամ փոշիացվեն ինչ-որ ծրագրերում, որոնց նշանակությունը տնտեսական առումով շատ ցածր է, առավել ևս՝ սոսկ բյուջեի սպասարկման համար:

Ամեն դեպքում հանրությունը պետք է հնարավորություն ստանա վերահսկելու այն պրոցեսը, թե ինչպես են ծախսվում վարկային միջոցները, քանի որ դրանց մարումը հետագայում ընկնելու է իր ուսերին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը