Քաղաքական

17.12.2019 11:51


Կառավարությունը Փաշինյանի աղջկա համար 2019 թ․ արտադրության ամենագնաց է գնել (տեսանյութ)

Կառավարությունը Փաշինյանի աղջկա համար 2019 թ․ արտադրության ամենագնաց է գնել (տեսանյութ)

Շռայլությունների և շքեղ կյանքի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն փիլիսոփայությանը չի հետևում, երբ խոսքը գնում է իր ընտանիքի անդամների մասին։ Մենք մեր մի քանի հրապարակումներում անդրադարձ կատարել ենք Փաշինյանի շքեղ ծախսերին, որոնք արվում են պետության հաշվին՝ հանուն Փաշինյանների ընտանիքի։ Այս մասին գրում է Politik.am-ը:

Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար։

Մեքենան առաջին անգամ ֆիքսել էր Նարեկ Սամսոնյանը՝ սեպտեմբերի 16-ին։ Այն ժամանակ հայտնի չէր, որ այն Մարիամ Փաշինյանի համար գործում է, որպես ծառայողական մեքենա, չնայած այն հանգամանքին, որ նա պետական պաշտոն չի զբաղեցնում։

Օրերս մեր տեսախցիկը ֆիքսել է նշված մեքենան «Դիջիթեյն» ընկերություն գլխավոր գրասենյակի մոտակայքում։ Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Մարիամ Փաշինյանը աշխատանքի է անցել նշված ընկերությունում և աշխատում է ընկերության HR բաժնում։

Տեսանյութից հասկանալի է դառնում, որ մեքենան ոչ թե անվտանգության աշխատակիցների փոխադրամիջոց է և ուկեղցում է Մարիամ Փաշինյանի անձնական մեքենային, այլ «ծառայողական» մեքենայի դեր է իրականացնում պետական ոչ մի պաշտոն չունեցող անձի համար։

***

Ի պատասխան «Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար» վերտառությամբ Politik.am-ի հոդվածի` ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը politik.am-ի հետ զրույցում ասաց․ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ:

ՈՒստի և Politik.am կայքի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»։

Այս խորագրի վերջին նյութերը