Լրահոս

23.02.2011 13:25


Երեկվանից մի շարք ընկերությունների կաթնամթերքը թանկացել է

Երեկվանից մի շարք ընկերությունների կաթնամթերքը թանկացել է

Երեկվանից տեղական արտադրողների կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներ թանկացել են։ «7օր»–ը զրուցել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Աշտարակ կաթ» ընկերությունից «7օր»–ին ասել են, որ իրենց կաթնամթերքը չեն թանկացրել և նման մտադրություն չունեն։

Նույն են պատասխանել նաև «Թամարա» ընկերությունից։

Փոխարենը, «Մարիաննա» ըներությունից մեզ տեղեկացրել են, որ երեկվանից իրենց կաթնամթերքի տեսականու մի մասն իրոք թանկացրել են։

–Ինչ–որ մի բան էժան մնացե՞լ է։ Ընդհանուր էներգակիրներն են թանկացել, հումքն է թանկացել, կարագն է թանկացել։ Նախկինում մենք կաթը 120 դրամով էինք վերցնում, հիմա արդեն 180 դրամով ենք գյուղացիներից մթերում։ Իսկ եթե մի հիմնարկ չի ապահովում թեկուզ փոքր շահույթ, նրա գոյատևելը խիստ ժամանակավոր է,–«7օր»–ին ասել է «Մարիաննա» ընկերության փոխտնօրեն Տաթև Հակոբյանը։

Բացի «Մարիաննա» ընկերության «Բիֆիդո» ապրանքատեսակի կաթնամթերքից՝ կեֆիրներից, կաթնային կոկտեյլներից, մայոնեզից, յոգուրտից, ջնարակված պանրից և կաթնաշոռ+թթվասերից, մնացած բոլոր կաթնամթերքները թանկացել են մինչև 10%–ի չափով։

–Իհարկե, դրանք էլ թանկացման կարիք ունեին։ Նախ, մի քանի ամիս է՝ գործարանը վնասով է աշխատում։ Ուղղակի մինչև Նոր տարի ճիշտ չհամարեցինք թանկացնել, հունվարին ընդհանրապես չէինք կարող, որովհետև առանց այն էլ առևտուրն այդքան ակտիվ չէր, բայց հիմա է՛լ հնարավոր չէր, որովհետև գործարանն ունի մեծ ծախսեր և ընդհանրապես շահույթ չէր ապահովում,–ավելացրել է Տ. Հակոբյանը։

Կաթնամթերքի մի շարք ապրանքնատեսակներ թանկացնելու իրենց մտադրության մասին «Մարիաննա» ընկերությունը մի քանի օր առաջ տեղյակ է պահել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

–Ճիշտ է՝ իրենցից պատասխան չենք ստացել, բայց մենք տեղեկացրել ենք, որ մթերքը պետք է թանկանա,–ավելացրել է ընկերության փոխտնօրենը։

Իր արտադրության կաթնամթերքը թանկացրել է նաև «Բիո կաթ» ընկերությունը՝ գրեթե բոլոր ապրանքատեսակները՝ մոտ 3%–ի չափով։ Ընկերությունից «7օր»–ին պատճառաբանել են, թե կաթն է թանկացել, այդ իսկ պատճառով իրենք բարձրացրել են կաթնամթերքի գինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը