Տնտեսական

14.12.2019 09:40


«Քաղցածի հոգեբանությունը» շատ վատ բան է և հղի է վտանգներով. Վարդան Բոստանջյանը` նոր վարկային համաձայնագրերի մասին

«Քաղցածի հոգեբանությունը» շատ վատ բան է և հղի է վտանգներով. Վարդան Բոստանջյանը` նոր վարկային համաձայնագրերի մասին

Այս նոր վարկային համաձայնագրերը ինչի՞ համար են, երբ դուք արդեն գոյություն ունեցող փողերը չեք կարողանում օգտագործել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունած 4 վարկային համաձայնագրերին, որով Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց լրացուցիչ 152 մլն դոլար պարտավորություն:

«Անկախ ամեն ինչից, եթե այդպիսի հարցը բարձրացնում են, ապա այդ հարցը պետք է բարձրացնեն բյուջեի հաստատման իսկ օրը, հատկապես այն պարագայում, երբ գրեթե 500 միլիարդ դրամի չափով գումար կառավարությունը պահում էր բանկային համակարգում` ավանդների տեսքով, դա ամենաողորմելի ձևն է: Այսինքն՝ դա նշանակում է, որ մենք ծախսային քաղաքականության մեջ ունենք բացթողումներ, մասնավորապես մենք ընթացիկ ծախսերի կտրվածքով 10-ից ավելի տոկոս թերակատարում ունենք, իսկ կապիտալ ծախսերի կտրվածքով 75 տոկոսի չափով»-ասաց նա:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ ծախսերի կտրվածքով արդեն հաստատված 2020 թվականի բյուջեում 182 միլիարդ դրամի չափով նախատեսվել է արտաքին պարտք և հիմա, փաստորեն, միջազգային կազմակերպությունները ՀՀ-ին ևս տրամադրում են ֆինանսական ռեսուսրներ: «Այլ հարց է, թե այս գումարները ինչպես են օգտագործվում, միշտ դա եղել է ՀՀ-ի ամենախոցելի հարցը: Մեր վարկային ռեսուրսները նպատակային և արդյունավետ չենք օգտագործել, դրա վառ օրինակն է հենց Հյուսիս-Հարավ ճանապարհը: Հիմ այս նույն բանը կրկնվում է՝ ի դեմս նոր իշխանությունների»,-ասաց նա:

Վարդան Բոստանջյանը համարում է, որ կառավարության կողմից շատ են ավելորդ ծախսերը: «Տոնածառներ, ձմեռ պապիներ, չգիտեմ ինչեր, հարկավոր է երկիրը կառուցել և պահել, առավելևս աղքատության բարձր մակարդակի պարագայում»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պատգամավոր եղած տարիներին մշտապես դեմ է քվեարկել բոլոր վարկային համաձայնագրերին, նա ասաց, որ ոչ միայն դեմ է քվեարկել, այլ խիստ քննադատել է, և հիմա ամբողջությամբ հակառակ վերաբերմունքն է ցուցաբերում:

«Ինքնաթիռներից չեն իջնում, ամբողջ աշխարհը մի քանի անգամ պտտվում են, չեն կարողանում կշտանալ: «Քաղցածի հոգեբանությունը» շատ վատ բան է և հղի է այսպիսի վտանգներով»,-հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը