Լրահոս

23.02.2011 00:11


Պատասխան քաղաքային իշխանությանը

Պատասխան քաղաքային իշխանությանը

Արդեն երկրորդ ամիսն է, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես կարողացել է լուծել մինչև հիմա անլուծելի թվացող «մեր քաղաքի N1 խնդիրը, այն է` արգելել բացօթյա առևտուրը»: Ըստ մեր երկրի իշխանությունների` սա այն կարևոր և միակ խնդիրն է, որին լուծում տալով` Երևանը ոչնչով չի զիջելու Փարիզին կամ Լոնդոնին: Եվ ոչ էլ երևանցիներն այդ քաղաքների բնակիչներին: Դե, իհարկե, նման հաղթանակի հասնելու համար արժե զոհաբերություններ անել` սովի մատնել հազարավոր հայ ընտանիքների, հոսանքազրկել բնակարաններ և նույնիսկ նոր արտագաղթի նախադրյալներ ստեղծել: Երեկ Սպառողների ասոցիացիայի նախագահ պարոն Արմեն Պողոսյանն իր ելույթում նշեց. «Սա հասարակական պահանջ է»: Իսկ մենք ո՞վ ենք: Մենք հասարակության մաս կազմո՞ւմ ենք, թե՞ ոչ: Թե՞ մենք այն խավն ենք, որ հինգ տարին մեկ` մեկ օրով հասարակության անդամ ենք դառնում: Իսկ Հովհաննես Ղալեչյանը հաղթանակողի գոհունակությամբ, ցինիկ ժպիտով մեկնաբանում է, որ մեզ ոչ թե զրկել են առևտուր անելու հնարավորությունից, այլ ուղարկում են շուկաներ:

Հարգելի Ղալեչյան,

Ինչքա՞ն կարելի է Ձեզ հասկացնել, որ մեծածախ շուկաները մատնանշելով` դուք մեզ այլընտրանք չեք առաջարկում: Շուկայի տեղն իմանալու համար ձեր օգնության կարիքը չունենք: Արդյոք բա՞րդ է հասկանալ, որ մենք ոչ թե ներկրողներ ու սեփականատերեր ենք, այլ վերավաճառողներ, որ մեր եկամուտը գոյանում է մեծածախ շուկայում գնվող և բացօթյա վերավաճառքի գնի չնչին տարբերությունից: Մենք, նախքան մեզ համար գոյատևելու այս ձևը գտնելը, բազմիցս փորձել ենք շուկաներում հայթայթել մեր հանապազօրյա հացը: Մեծածախ շուկաներում սեփականատիրոջ և ներկրողի կողքին որպես մրցակից կանգնելով` մենք ոչ միայն չենք վաստակել մինիմալ գումար, այլև իբրև պարտք մեզ վրա ենք կուտակել նախապես գնված ու չիրացված ապրանքի գումարը: Եթե մենք այսօր քամու, անձրևի տակ, ցրտին, շոգին դրսում կանգնելը գերադասել ենք շուկաների հարմարավետությունից, ուրեմն արդեն մեր մաշկի վրա զգացել ենք շուկայում աշխատելու` ձեզ համար անտեսանելի խնդիրները:

Այժմ մեր կարևորագույն հարցը և պահանջը.

Հարգելի քաղաքապետ,

Ինչո՞ւ Ձեր «բարեկարգման» ծրագրի արդյուքում ի հայտ եկած բազմահազար գործազուրկներին առաջարկում եք «շուկա» կոչվող տարածքը, այլ ոչ թե աշխատանք կամ աշխատատեղ, որտեղ նրանք կարող են աշխատել և ստանալ բավարար աշխատավարձ: Այսօր քաղաքապետարանի որոշ աշխատողներ խիստ գաղտնի պահելով իրենց անուն ազգանունը և զբաղեցրած պաշտոնը` մեզանում փնտրում են դյուրահավատների, գայթակղում իրենց «մտահոգվածությամբ» և փորձում են մեզ կերակրել «մինի-շուկա» կոչվող երևակայական բառակապակցությամբ:

Հարգելի ոմն մտահոգվածներ,

Եթե դուք իսկապես ունեք նման ծրագիր, ապա այն պետք է իրագործեիք նախքան ձեր «բարեկարգումը» սկսելը: Այդ ինչպե՞ս է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում կարողացաք բարբարոսաբար ջարդել-փշրել մարդկանց աշխատանքի միակ աղբյուրը հանդիսացող երկաթյա տաղավարներն ու սեղանները, իսկ երկու ամսվա ընթացքում մայրաքաղաքի որևէ հատվածում երկու սեղան իրար կողքի չեք դրել` անվանակոչելով դրանք «մինի-շուկա»: Եվ դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ է այդ ուտոպիան թևածելու մայրաքաղաքում:

Մեզ հորդորում եք դադարեցնել բողոքի ակցիաները` ասելով, որ խնդիրը սոցիալական է, չքաղաքականացնենք: Ասացեք խնդրեմ, եթե սոցիալական խնդիրը կա, որը գնալով ձնագնդի պես մեծանում է ու լուծում չի գտնում, ինչի՞ կարող է վերածվել այդ խնդիրը, եթե լուծման բանալին իշխանությունների մոտ է: Մենք երկու ճանապարհ ունենք`

  • կամ պետք է հարմարվենք ստրուկի մեր կարգավիճակի հետ,
  • կամ պետք է ընդվզենք ու պայքարենք մեր իրավունքների համար:

Բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների կոորդինացնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը