Լրահոս

22.02.2011 16:10


Լիբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են երկրի մայրաքաղաքը

Լիբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի որոշ շրջաններ։ Այս մասին այսօր հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ -Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, աներևակայելի է։ Ռազմական օդանավերն ու ուղղաթիռները ռմբակոծում են քաղաքի անխտիր բոլոր շրջանները մեկը մյուսի հետևից։ Զոհվածների թիվը շատ մեծ է,-հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է իրադարձությունների ականատես Ադել Մոհամեդ Սալեհը։ Սակայն լիբիական պաշտոնական ԶԼՄ-ները հերքում են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու վերաբերյալ հայտարարությունները։ Նույն օրը՝ ավելի վաղ, «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում անելով Եգիպտոսի արտգործնախարարությանը, հայտնել է, թե Բենգազիայի՝ բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքի օդանավակայանի թռիչքուղիները նույնպես ռմբակոծությունների հետևանքով ավերվել են։ Իսկ Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը պետական հեռուստաալիքի եթերում հայտնել է, թե զինված ուժերը հարվածել են «միայն զինապահեստներին, որոնք հեռու են բնակեցված շրջաններից»։ Հիշեցնենք, որ իրավապաշտպան մարմինների տվյալներով՝ անցած շաբաթ Լիբիայում սկսված ցույցերի պատճառով զոհվել է մոտ 300 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը