Հարցազրույց

12.12.2019 11:18


«Մոտ երկու միլիոն դրամ միայն ռեստորանին ենք հատկացնելու, նորմալ է». Շենգավիթի թաղապետն՝ ամանորյա խնջույքի մասին

«Մոտ երկու միլիոն դրամ միայն ռեստորանին ենք հատկացնելու, նորմալ է». Շենգավիթի թաղապետն՝ ամանորյա խնջույքի մասին

Factor.am-ի հարցազրույցը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ

-Պարոն Մկրտչյան, «Լույս» խմբակցության ավագանու անդամները հայտարարում են, որ վարչական շրջանների աշխատակազմերը բյուջեի հաշվին ռեստորաններում կորպորատիվ երեկույթ են կազմակերպելու: Ձեզ մոտ նախատեսվա՞ծ է նման միջոցառում:

-Նման ծախս նախատեսված է բյուջեով, նախորդ տարիներին ևս եղել է:

-Նախկիններին քննադատում են բյուջեն փոշիացնելու համար, այսինք՝ նրանց սխալը շարունակո՞ւմ եք կրկնել:

-Ես չեմ կարծում, որ սա սխալ գործողություն է: Ամեն դեպքում, եթե կորոշվի մեկ ընդհանուր ձևաչափով ընդհանրապես չանել նմանատիպ միջոցառումներ, ապա մենք էլ չենք անի:

-Ո՞ր ռեստորանում եք կազմակերպելու երեկույթը:

-Մենք նշել ենք չափորոշիչներ և, բնականաբար, այդ տվյալներին համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունը:

-Որքա՞ն գումար եք հատկացնելու այդ խնջույքին:

-Մոտ երկու միլիոն դրամ՝ միայն ռեստորանին ենք հատկացնելու:

-Իսկ քանի՞ հոգի է մասնակցելու միջոցառմանը, ամբո՞ղջ աշխատակազմը:

-Մոտավորապես 140 հոգի մարդ է լինելու:

-Բայց ի՞նչ պարտադիր է, որ համայնքի հաշվին աշխատակիցները կորպորատիվ անեն:

-Այսպես թե այնպես՝ կազմակերպվում է, այլ հարց է, թե որ վարչական շրջանում ինչպես է արվել:

-Եկեք Ձեր կողմից ղեկավարվող վարչական շրջանի մասին խոսենք: Դուք ի՞նչ հիմնավորումներ ունեք, որ վարչական շրջանի աշխատակազմը պետք է հարկատուների հաշվին երկու մլն դրամով կորպորատիվ անի:

-Չէ, մենք խոսում ենք, թե Երևանում ի՞նչ է տեղի ունենում: Ես գիտեմ, որ բոլոր վարչական շրջաններում այս միջոցառումը կա:

-Այսինքն՝ արդարացված է, որ հարկատուների հաշվին պետք է տոնական խնջույք անեք:

-Ես կարծում եմ, որ սա հնարավորություն է աշխատակազմով այս տոնական միջոցառմանը ավարտը տալ, այսինքն՝ հաջորդ տարվա տոնական միջոցառումն է: Ես նորմալ երևույթ եմ համարում:

Այս խորագրի վերջին նյութերը