Տնտեսական

08.12.2019 20:55


«Ավելորդ ծախսեր են». տնտեսագետը` Կառավարության կողմից քաղաքապետարանին 271 միլիոն դրամ տրամադրելու մասին

«Ավելորդ ծախսեր են». տնտեսագետը` Կառավարության կողմից քաղաքապետարանին 271 միլիոն դրամ տրամադրելու մասին

Աղքատության նման մակարդակի պայմաններում ավելորդ ծախսեր են: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը NEWS.am-ի հետը զրույցում այսպես գնահատեց Կառավարության կողմից ամանօրյա միջոցառումների համար քաղաքապետարանին 271 միլիոն դրամի տրամադրումը:

«Ընդհանրապես հասկանալի է, որ նման իրավիճակներում հասարակությանը ապակողմնորոշելու համար տարբեր ուղղություններով նետվում են փողերը: Օրինակ` անցած տարի Հանրապետության հրապարակի տոնածառի համար 71 միլիոն հատկացրեցին, ու սա սուղ ֆինանսական միջոցների կամ աղքատության նման մակարդակի պայմաններում։ Իմ գնահատմամբ, ավելորդ ծախսեր են եւ, բնականաբար, նման պայմաններում պետք ավելի հրատապ, առաջնահերթ եւ առավել կարեւոր գործերի համար ուղղվի»,-ասաց նա:

Բոստանջյանի խոսքով` այդ գումարը կարող էր ուղղվել, օրինակ, 4-րդ կարգի վթարային շենքերի հարցին, որոնք ամեն րոպե կարող են փլուզվել. «Դա ամենահասարակ օրինակն է, եւ նման բազմաթիվ օրինակներ կան: Բայց սա ամենահրատապն է, քանի որ հնարավոր է ամեն վայրկյան մի չնչին բանից շենքը փլուզվի եւ ով է լինելու այս իրավիճակի պատասխանատուն»:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը քաղաքապետարանի նպատակային ծախսերի համար հավելյալ 271,797,100 դրամ է հատկացրել ամանորյա միջոցառումների համար։

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու Երևանի քաղաքապետարանը կծախսի 290 հազար դոլար, ընդհանուր միջոցառումների ծախսը կազմում է շուրջ 680 հազար դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը