Տնտեսական

21.02.2011 17:15


Գյումրու տեխնոպարկը սկսելու է «Բոինգ»–նե՞ր նախագծել

Գյումրու տեխնոպարկը սկսելու է «Բոինգ»–նե՞ր նախագծել

Մինչ ՀՀ կառավարությունը Գյումրին տեխնոքաղաք դարձնելու դարակազմիկ ծրագրի առումով վերջնականորեն խճճվել է, այս ընթացքում Գյումրու տեխնոպարկը, պարզվում է, արդեն գործում է և, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ինքնաթիռներ է նախագծում:

Ընդամենը մի քանի օր առաջ նորանշանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու թեմայով անկեղծորեն խոստովանել էր. «Գյումրու բազմաչարչար տեխնոպարկի առումով մենք պետք է հասկանանք, ընկալենք, տեսնենք` այստեղ ի՞նչ կարող ենք անել»,-անկեղծացել էր Տիգրան Դավթյանը:  Սակայն պարզվում է, որ նախարարն ու կառավարությունը տեղյակ չեն, բայց արդեն Գյումրու տեխնոպարկը թռիչքային զարգացումներ է արձանագրում. «Տեխնոպարկը Գյումրիում շատ լավ էլ կա, արդեն բանակցությունները ավարտել եմ, վերջապես համոզել եմ «Միկապրոգրեստեխ»-ին, որ գա Գյումրի: «Միկապրոգրեստեխ»-ը զբաղվում է ավիաշինությամբ, իրենք զբաղվում են «Սուխոյի» և «Բոյինգի» համար նախագծային լուծումներ տալով»,-հավաստիացնում է Տեխնոպարկի հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանը: Վերջինս նշել է նաև, որ այժմ իրենք իրենց գաղափարներն են վաճառքի հանել:

Մինչ Գուրգեն Պարոնյանը Գյումրու տեխնոպարկի շրջանակներում «Միկապրոգրեստեխ»-ի հետ համատեղ փորձում է Բոինգներ նախագծել, Գյումրու Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը դեռևս Գյումրիում տեխնոպարկ չի նկատել.

-Իմ կարծիքով՝ մինչև հիմա չի նկատվել, հենց առաջին քայլը կլինի, եթե գարնան գալստի հետ սկսվեն շինարարական աշխատանքները: Եթե լինի, ապա ես՝ որպես Գյումրեցի, նոր կհավատամ, որ այդ աշխատանքները կարող են շարունակվել,-ասել է Վարդևան Գրիգորյանը: Նշենք, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի հին շենքը նախատեսված է օգտագործել տեխնոպարկի կարիքների համար:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը